«Հայաստան» հիմնադրամի գործով ձերբակալվել է առողջապահության փոխնախարարի հայրը. Աղբյուր
«Հայաստան» հիմնադրամից հափշտակություն կատարելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև առողջապահության նախարարի տեղակալներից մեկի հայրը։ Այս մասին Primenews-ին տեղեկացրեցին իրավապահ համակարգի իր աղբյուրները։
Նախաքննության գաղտնիությունից ելնելով, մենք չենք հրապարակում նրա անունը։ Փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն մեզ փոխանցեցին, որ նախաքննական մարմինը թույլատրելիության սահմաններում հրապարակել է տեղեկություններ։ «Ավելին հնարավոր չէ ասել», -փոխանցեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից:
ԱԱԾ-ից երեկ հայտնել էին, որ Արա Վարդանյանը, նախնական համաձայնության գալով հիմնադրամին 100 տոկոս մասնաբաժնով պատկանող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքել է պայմանագիր՝ Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի և Մարտունու շրջանների վարչակազմերի կրթության բաժիններին 149.474.540.00 ՀՀ դրամի գույք մատակարարելու մասին, սակայն տվյալ գույքը չի մատակարարվել, իսկ հիմնադրամից այդ նպատակով դուրս գրված հիշյալ գումարը յուրացնելու նպատակով կազմել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ նյութագիտական արժեքների հանձնման-ընդունման ակտեր: ԱԱԾ քննիչի որոշմամբ փոխվել է Արա Վարդանյանի խափանման միջոցը և նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը որպես խափանման միջոց։