երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել Բելգիայի՝ որպես Եվրոպական միության հիմնադիր անդամի աջակցությունը Հայաստանում ընթացող դատաիրավական բարեփոխումներին:

Դեսպան Էրիկ դե Մույնքը վերահաստատել է Բելգիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին և այդ համատեքստում ընդգծել Բրյուսելում 2024 թվականի ապրիլի 5-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, կոռուպցիոն գործերի քննության շրջանակում պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը և այլն:

Գլխավոր դատախազն ու Հայաստանում Բելգիայի դեսպանը քննարկել են վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններն ու անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

  • Կիսվել: