Երեւանի կենտրոնում կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Երևան քաղաքի Փավստոս Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում այսօր տեղի ունեցած կրակոցի դեպքի առթիվ ապրիլի 14-ին ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումատակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի պողոտայում կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի:
Բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Վերջինը ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մաշտոցի պողոտա 15 շենքի դիմաց կրակոցներ են հնչել, որի ժամանակ վնասվել է ոչ միայն «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, այլև կայանված «Jeep» մակնիշի ավտոմեքենան:
Պարեկները դեպքի վայրից մոտ 20-30 մետր հեռավորության վրա տարբեր հատվածնեում հայտնաբերել են «Մակարով» ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճներ, 4 գնդակ, արնանման հետքեր: