Երեխայի դաստակներն ու ոտնաթաթերը ցրտահարված են եղել, թոքաբորբ է ունեցել, բայց ծնողները հրաժարվել են տանել հիվանդանոց. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել
Ստեփանավանում արձանագրված աննախադեպ դեպքի առթիվ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ծնողների կողմից երեխայի խնամքը ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ երեխայի մոտ լուրջ առողջական խնդիրները հայտնաբերել է մանկաբույժը՝ տնայցի ժամանակ։ Նշվում է, որ տանը ջեռուցում ընդհանրապես չի եղել, բացակայել են կոմունալ տարրական պայմանները։ Փոքրիկին հետազոտելիս՝ մանկաբույժը ծնողներին՝ Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին և ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին, տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն և բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տեղափոխել։
Արդյոնքում՝ փոքրիկը շտապօգնության մեքենայով, մանկաբույժի ուղեկցությամբ է տեղափոխվել հիվանդանոց՝ առանց ծնողների, որտեղ մանկահասակ երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Tert.am-ին տեղեկացրել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, որով կա մեկ տուժող, այս պահին կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ 247-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելում համար։