շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Դավիթ Տոնոյանը մորը տեսակցել է առանց ձեռնաշղթաների. Սա է դատավոր Վահե Դոլմազյանի կարգապահական վարույթի հիմքը

Դավիթ Տոնոյանը մորը տեսակցել է առանց ձեռնաշղթաների. Սա է դատավոր Վահե Դոլմազյանի կարգապահական վարույթի հիմքը

Բարձրագույն դատական խորհուրդն իր այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստում քննարկեց հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Արդարադատության ներկայացուցիչը ներկայացրեց միջնորդությունը՝ նշելով, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի այս տարվա մարտին ներկայացված հաղորդումը: Նշենք, որ խոսքը վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ «կարճաժամկետ մեկնման» հանգամանքներին:

«Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այն է՝ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշման շրջանակներում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու և մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում դատավորը լուծել է այդ հարցերը: Դատավորը, տվյալ դեպքում որոշում է կայացրել, որ պետք է երկու ժամում կարճաժամկետ մեկնման համար սահմանված վայրից կալանավորված անձը վերադառնա ՔԿՀ, նաեւ որոշել է, որ մեկնումը իրականացվի առանց ձեռնաշղթայի կիրառման:

ԱՆ-ն կարծում է, որ 2 ժամը ԱԺ-ից «Երեւան կենտրոն» ՔԿՀ տեղաշարժի համար օբյեկտիվորեն անհարկի երկար ժամանակ է:

Մեր գնահատմամբ դատավորը լուծել է այնպիսի հարցեր, որոնց լուծման իրավասությունը չուներ: Դատավորի կողմից համապատասխան վարքագծի կանոնների խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ»,-ասաց նա՝ կոչ անելով ԲԴԽ-ին բավարարել ԱՆ-ի միջնորդությունը:

Դատավոր Դոլմազյանը պնդեց, որ չի պահպանվել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքը, քանի որ դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության և ԲԴԽ-ում միջնորդություն ներկայացնելու միջև ընկած ժամանակահատվածը չի կարող 2 ամսից ավելի լինել, մինչդեռ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում է կայացվել 2024 թ-ի ապրիլի 15-ին, իսկ ԲԴԽ այն ներկայացնելու որոշումը կայացվել է հունիսի 17-ին, նիստ գումարվել է հունիսի 20-ին։ Այսինքն՝ միայն այս թվերից կարելի է ենթադրել, որ 2 ամիսը պահպանված չէ։

ԲԴԽ-ում հարցուպատասխանից հետո ինչպես Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, այնպես էլ դատավոր Դոլմազյանը հրաժարվեցին եզրափակիչ ելույթներից։

Խորհուրդը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի օգոստոսի 5-ին՝ ժամը 10.00-ին։

  • Կիսվել: