ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Դատախազությունը կբողոքարկի «Պզո» մականվամբ հայտնի Արմեն Ղազարյանի արդարացման վճիռը

Դատախազությունը կբողոքարկի «Պզո» մականվամբ հայտնի Արմեն Ղազարյանի արդարացման վճիռը

Դատախազությունը  վերաքննիչ բողոք կներկայացնի «Պզո» մականվամբ հայտնի, «օրենքով գող» համարվող՝ քրեական ենթամշակույթի ներկայացուցիչ Արմեն Ղազարյանի արդարացման վճռի դեմ: «Արմենպրես»–ին այս մասին տեղեկացրին Դատախազությունից:

Ավելի վաղ Արմեն Ղազարյանի փաստաբանը հայտնել էր, որ Ղազարյանի նկատմամբ դատարանը արդարացման վճիռ է կայացրել:2022 թվականին դատախազը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Արմեն Ղազարյանի նկատմամբ՝ նրա համար, որ նա, ունենալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, պահպանել է այն (քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մաս–Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով):

2022 թվականի նոյեմբերի 2-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ 1991 թվականին Ա.Ղ.-ն Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ներկայությամբ «թագադրվելով»՝ ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ և 2022 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ շարունակել է պահպանել օրենքով չթույլատրվող այդ կարգավիճակը։

Դատախազը 2024 թվականի մարտի 26-ին հաստատել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Արմեն Ղազարյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

Ղազարյանի նկատմամբ կիրառվել էին համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և 20 մլն դրամի չափով գրավ: 

  • Կիսվել: