Այս պահին խուզարկություն են իրականացնում Գյումրիի «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում
Այս պահին ոստիկանության և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություն են իրականացնում Գյումրիի «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակում՝ ակնհայտորեն խոչընդոտելով մեր աշխատանքները: Այս մասին իր էջում գրել է Անդրանիկ Պողոսյանը, ով նաեւ ուղիղ եթերում հեռարձակում է տեղի ունեցողը:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին: