Ատելության խոսք տարածելու համար քրեաիրավական պատասխանատվություն բացառիկ դեպքերում պետք է լինի. ՄԻՊ-ը՝ Ղարիբ Բաբայանի դեպքի մասին
Այս հարցի հետ կապված, կարծում եմ նաև հրապարակային հաղորդագրությունից պարզ էր, որ ատելության հրահրման հիմքով քրեական հետապնդման իրականացումն անձի նկատմամբ, իմ կողմից դիտարկվել է որպես մտահոգիչ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով արցախցի Ղարիբ Բաբայանի դեմ քրեական հետապնդում իրականացնելուն:
Դիտարկմանը՝ թեպետ ձեր հայտարարության մեջ նշել էիք, որ անընդունելի է միևնույն ժամանակ նաև ասել էիք, թե անթույլատրելի է նաև ատելության խոսք տարածելը, սա երկակի ստանդարտ չէ՞, Մանասյանն ասաց. «Գաղափարն այն է, որ խոսքը կարող է ընկալվել որպես ատելություն կամ լինել ատելության խոսք, բայց քրեաիրավական պատասխանատվություն նման խոսքի համար բացառիկ դեպքերում պետք է կիրառելի լինի, և դա է պատճառը, որ ես դա մտահոգիչ եմ համարել»:
Մանասյանը նշեց, որ միևնույն ժամանակ հստակ արձանագրել է, որ այո, անկախ նրանից, որ ինքը մտահոգիչ է համարում քրեական հետապնդման իրականացումը նման հիմքով, նաև որևէ մեկի կողմից չի կարող արդարացվել վիրավորանքի, ատելության խոսքի տարածումը:
Նշենք, որ Բաբայանի դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։