հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Արդարադատության փոխնախարարը ԵՄ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանում խտրականության դեմ պայքարի ոլորտում ձեռնարկված քայլերը

Արդարադատության փոխնախարարը ԵՄ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանում խտրականության դեմ պայքարի ոլորտում ձեռնարկված քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ռազմավարական հաղորդակցության տնօրեն Աուդե Մայո-Կոլիշեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում խտրականության դեմ պայքարի և իրավահավասարության ապահովման ոլորտում ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ Արդարադատության նախարարության համակարգմամբ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում կատարված աշխատանքները, ներառյալ իրականացված վերապատրաստումները, իրազեկման արշավներն ու դրանց ազդեցությունը:
 
Աննա Կարապետյանն ընդգծել է իրավահավասարության ապահովման և խտրականության կանխարգելման ոլորտում ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ գործնական քայլեր ձեռնարկելու և պրակտիկայի իրական փոփոխության կարևորությունն ու մանրամասներ ներկայացրել իրականացվող բարեփոխումների ու առաջիկա ծրագրերի մասին: Այս համատեքստում նա անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից ներկայումս մշակման փուլում գտնվող՝ խտրականության դեմ պայքարի ոլորտի համապարփակ ռազմավարական փաստաթղթին՝ նշելով, որ այն առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:
 
Աուդե Մայո-Կոլիշեն նշել է, որ իր պաշտոնեական պարտականություններից զատ ստանձնել է նաև իրավահավասարության դեսպանի դերը, ուստի կարևորել է այս համատեքստում նախարարի տեղակալի հետ կայացած արդյունավետ ու թիրախային քննարկումը՝ բարձր գնահատելով նաև կատարված լայնածավալ աշխատանքները:
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու խտրականության բոլոր ձևերի վերացման ուղղությամբ:

  • Կիսվել: