ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արամ Ազատյանի քրեական գործի նյութերին ծանոթանալը փաստացի կալանքի երկարաձգման հիմք է դատարանի համար. փաստաբան (տեսանյութ)

Արամ Ազատյանի քրեական գործի նյութերին ծանոթանալը փաստացի կալանքի երկարաձգման հիմք է դատարանի համար. փաստաբան (տեսանյութ)

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Արամ Ազատյանի և համայնքապետարանի մյուս անդամների գործով դատական նիստը։ Արամ Ազատյանի դատական նիստով քննարկվելու է մեղադրյալներից մեկի խափանման միջոցի երկարաձգման հարցը և հավանաբար կքննարկվի նրան վերաբերող մեղադրանքի դրվագներից մեկի ապացույցների հանրային մեղադրողի կողմից ներկայացվող հանգամանքը: Այս մասին Tert.am -ի հետ զրույցում ասաց Արամ Ազատյանի փաստաբան Արթուր Պիվազյանը:

«Մեզ համար անհասկանալի պատճառով 25 միջնորդությունից 17-ը մակագրվել է դատավոր Սարգիս Դադոյանին»,- ասաց Պիվազյանը:

Նրա խոսքով, Արամ Ազատյանին մեղսագրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքներ, սակայն քրեական  գործում որևէ ապացույց չկա  կամ վկայի ցուցմունք, որ կաշառք են տվել այս կամ այն գործողությունն անելու կամ չանելու համար:

«Ինչ վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմանը, ապա դրանք վերագրվում են առաջին դեպքին, որի կատարման ժամանակ փաստացի Արամ Ազատյանն Արաբկիր վարչական շրջանի ղեկավար չի էլ հանդիսացել»,-ասաց Պիվազյանը:

Նրա խոսքով, երկու շաբաթ առաջ նորից դատարանը երեք ամսով երկարացրեց կալանքը, ընդ որում, որպես պայման մերձավոր ազգականներից բացի, այլ անձանց հետ  շփումն արգելեց:

«Փատացի ստացվում է, որ մենք պաշտպանության իրավունք չունենք, քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք չունենք:Արամ Ազատյանի քրեական գործի նյութերին ծանոթանալը փաստացի կալանքի երկարաձգման հիմք է դատարանի համար»,-եզրափակեց Պիվազյանը:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթ է նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46(հանցակցություն)-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։

ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 13 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց: 13 մեղադրյալներից միայն Արաբկիրի նախկին թաղապետն է կալանքի տակ։

  • Կիսվել: