Առաջին անգամ ՀՀ-ում կներդրվի ուժային միջոցների գործադրման ստանդարտ. ՆԳ նախարար
Արդեն երկրորդ օրն է, ինչ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իր ելույթը սկսեց շեշտադրմամբ, որ Կառավարության ջանքերը և ներկայացված հսկայածավալ աշխատանքները միտված են նրան, որ ՀՀ-ն քաղաքացու համար լինի առավել ապահով, առավել հարմարավետ, արժանապատիվ՝ թե՛ ապրելու, թե՛ ճամփորդելու, թե՛ ստեղծագործելու ու աշխատելու համար:
«Մեր ջանքերը միտված են հենց այսպիսի պետություն ձևավորելուն ու զարգացնելուն: Սա է մեր միասնական նպատակադրումը և աշխատանքների վեկտորը, որն այս պահին ունենք»,- ասաց Սարգսյանը:
Ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման ընթացքը ՆԳ նախարարության մանդատին առնչվող փոփոխությունների մասով՝ նախարարը նշեց՝ տարվա կտրվածքով շարունակել և ավարտին են հասցրել ժողովրդավարական նոր ինստիտուտի՝ գործադիր իշխանության նոր մասի՝ ՆԳՆ-ի ձևավորման աշխատանքները:
Նրա խոսքով՝ այս կարևորագույն ինստիտուտը ձևավորվել է քաղաքացիական վերահսկողության, նաև քաղաքական պատասխանատվության ներքո, և պատահական չէ, որ փորձագիտական գնահատականները սա համարում են այս ոլորտում ՀՀ Կառավարության ամենամեծ նվաճումը:
Նախարարը կարևորեց այն, որ թե՛ նախարարության ստեղծման նախադրյալները, թե՛ ձևավորման ամբողջ ընթացքը կազմակերպվել է այնպես, որ այս կառույցը լինի հայաստանյան անվտանգային լանդշաֆտում ոչ թե պարզապես նոր խաղացող, այլ իրապես կոնցեպտուալ առումով նոր կառույց, որն ունի անհրաժեշտ և բավարար լիազորությունները և մանդատը՝ ապահովելու է՛լ ավելի բարձր որակի հանրային ծառայությունների մատուցում հանրությանը:
Անդրադառնալով հանրային անվտանգությանը՝ Սարգսյանը նախ շնորհավորեց Ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, ապա շնորհակալություն հայտնեց ոստիկանական շարքերում կանգնած յուրաքանչյուր ծառայողի իր ամենօրյա ծառայության համար:
Նախարարը տեղեկացրեց՝ այսօր վարչապետի գլխավորությամբ բացվել է պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի նոր մասնաշենքը, որը թույլ կտա աշխատանքն իրականացնել նոր պայմաններում և նոր որակով:
Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ Սարգսյանը փաստեց՝ 2024 թվականի կտրվածքով արդեն իսկ երեք հենասյունային ուղղությունները գործարկված են:
«Ի լրումն Պարեկային ծառայության՝ գործարկվել է նաև Քրեական ոստիկանությունը և Համայնքային ոստիկանությունը, ընդ որում՝ ֆունկցիոնալ ճիշտ տարաբաշխմամբ»,- նշեց նա:
Անդրադառնալով Պարեկային ծառայության աշխատանքին՝ Սարգսյանը փաստեց՝ այն այլևս ՀՀ-ում արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել է և գոյության մի քանի տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը: