Առաջարկվում է բարձրացնել վարչական իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը
Նախագծով առաջարկվում է լավարկել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի մի շարք կարգավորումներ, որոշներն էլ՝ համապատասխանեցնել գործող օրենսդրությանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը` խորհրդարանի քննարկմանը ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:
Փոխնախարարը նշել է, որ, մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքի բովանդակությունը համապատասխանեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով գործող քրեական վարույթին վերաբերելի եզրույթաբանությանը, ինչպես նաև նախատեսել, որ վարչական մարմինը վարչական տույժ կարող է նշանակել ոչ թե դատական մարմինների քրեական վարույթի համապատասխան գործողությունների իրականացման, այլ՝ դրանց մասին տեղեկանալու պահից: Զեկուցողի խոսքով առաջարկվում է որպես զանցանք դիտարկել ոչ թե տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, այլ՝ այդպիսի սարքավորումներ տեղադրած վիճակում տրանսպորտային միջոցներ վարելը: Նախատեսվում է որպես զանցանք դիտարկել ոչ թե առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր և (կամ) կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրելը, այլ՝ այդ սարքավորումները տեղադրված վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ սարքավորումները շարժման ընթացքում օգտագործելը:
Արմեն Մկրտչյանը նշել է, որ համարժեք պատասխանատվություն է նախատեսվում նաև այլ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար:
Առաջարկվում է նաև խստացնել առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու վերաբերյալ տույժը:
Օրենքի նախագծով նախատեսվում է մի շարք վարչական տույժեր նշանակելու իրավասություններ ոստիկանության տիրույթից տեղափոխել ՆԳ նախարարության տիրույթ:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը հարակից զեկույցում ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հարցը քննարկվել է ապրիլի 17-ի ԱԺ նիստում: