Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է, նրա որոշումը սպասելի էր. Լևոն Քոչարյան
Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատավորի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելուն:
Լևոն Քոչարյանը հավելեց. «Այս դատավորից արդարադատություն իրականացնելու հարցում ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ: Ինձ համար սպասելի էր սա, ու չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որոշման վրա»:
Քոչարյանի որդին նաև խոսեց իր ընտանիքի աներևակայելի կարողության մասին ասեկոսեներից. «Ժամանակին չէինք արձագանքում, քանի որ չէինք կարծում, որ նման բանը կարող է իշխել մտքերին: Օրինակ՝ ընտանիքին վերագրվող պղնձամոլիբդենային գործարանը»:
Նշենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ վերջինիս պաշտպանների միջնորդությունը։
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին ժամը 13:00-ին: