հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել և շարունակում են հարցաքննվել տարբեր կարգավիճակներով պաշտոնատար անձինք. ՀՀ գլխավոր դատախազ

ԱՆԻՖ-ի գործով հարցաքննվել և շարունակում են հարցաքննվել տարբեր կարգավիճակներով պաշտոնատար անձինք. ՀՀ գլխավոր դատախազ

ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության վարույթում գտնվող քննության շրջանակներում քննվում են ԱՆԻՖ-ի աշխատակիցների կողմից բարձր աշխատավարձ և պարգևավճար ստանալու, առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագները: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե ինչ զարգացումներ կան ԱՆԻՖ-ի գործով, և թե ինչ փուլում է այն:

Գլխավոր դատախազը նաև թվարկեց այն ընկերությունների անունները, որոնց հետ համատեղ գործունեության ընթացքում առերևույթ չարաշահումներ թույլ տալու դրվագներ են եղել: Այդ ընկերությունների թվում են Fly Arna-ն, Global Connect-ը, «Մասդար»-ը, Apaga Projects-ը և այլ ընկերություններ:

«Յուրաքանչյուր դրվագ, որ շրջանառվում է մամուլում, շրջանառվում է հենց այս ընկերությունների հետ կապված դրվագները նկարագրելով: Սրանք բոլորը քննության առարկա են Քննչական կոմիտեում»,- ասաց Վարդապետյանը՝ հավելելով, որ առաջիկայում հանրությանը կներկայացնեն այս գործի մասով արդյունքները: Քննության ընթացքը չվնասելու համար Աննա Վարդապետյանն այլ տվյալներ չհրապարակեց:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին՝ արդյոք եղե՞լ են նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք այս հարցի շրջանակում հարցաքննվել են, գլխավոր դատախազը պատասխանեց. «Մեկ դրվագով բավականին լուրջ գումարի՝ մոտ 2 մլն դոլարի մասին է խոսքը, արդեն ունենք հեռանկարում քննություն, նկատի ունեմ քրեական հետապնդում:

Այո՛, հարցաքննվել են և շարունակում են հարցաքննվել վարույթի շրջանակում տարբեր կարգավիճակներով պաշտոնատար անձինք, որոնք առնչություն են ունեցել ԱՆԻՖ-ի գործունեության հետ»:

  • Կիսվել: