Անհետ կորածների թիվը նվազել է, քանի որ քննիչները աշխատանք են կատարել. ՔԿ պետ
Անհետ կորածների թիվը ու այն անձանց, որոնք համաձայնել են հուղարկավորել իրենց երեխաների մասունքները, նվազել է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` անդրադառնալով 44–օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարցին։
«Այսօր պետք է արձանագրել, որ այդ թիվը նվազել է, քանի որ քննիչները աշխատանք են կատարել, փորձաքննություն են իրականացրել։ Այս մասով արձանագրենք, որ քննություն կատարվել է»,– նշեց նա։
Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե անհետ կորածների հարազատները ԱԺ–ում նրա ու այլ ուժայինների հետ վերջին հանդիպումից բավականին դժգոհ էին հեռացել` քննիչների աշխատանքը որակելով փնթի, Պողոսյանը վստահեցրեց, որ որևիցե կերպ, որևիցե անգամ չի փորձել արդարացնել որևիցե քննիչի գործողություն կամ անգործություն, սակայն իր նշանակումից ի վեր, ինչպես նաև մինչև իր նշանակումը, այս քրեական վարույթներով հսկայածավալ աշխատանք է կատարվել։