Հայտնի է՝ երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը կներառվի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում՝ սեպտեմբերի 27–ից հետո գումարվող լիագումար նիստի օրակարգում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Քանի որ սեպտեմբերի 27–ը շաբաթ օր է, ամսի 30–ին կսկսվի լիագումար նիստը: ԱԺ նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում, օրը վերջնական կորոշվի: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ հարցը հենց այդ ժամանակ ներկայացվի»,–ասաց Քոչարյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այս նստաշրջանում չեն ներկայացնում զեկույցը՝ Քոչարյանը պատասխանեց, որ սեպտեմբերի 27–ը սիմվոլիկ օր է, բացի այդ՝ բոլոր առումներով քաղաքական կրքերը հանգստացած կլինեն:
Նրա խոսքով՝ փաստաթղթի ուղղությամբ կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որը չպետք է անհետևանք մնա: Զեկույցը կլինի գաղտնի բաժնում: Քոչարյանի խոսքով՝ գաղտնիության ծավալն այնքան մեծ է, որ նիստը կլինի փակ, բայց զեկույցը հասանելի կլինի պատկան մարմիններին: