2024-ին ՀՀ-ի կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ
2024 թվականին դատախազների կողմից ներկայացված հայցերով Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել շուրջ 2 միլիարդ 785 միլիոն 511 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 18 միավոր անշարժ գույքի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Պետության սեփականության իրավունքը վերականգնվել է հետևյալ գույքերի նկատմամբ՝
- Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին և 2-րդ հարկերից շուրջ 240 քմ մակերեսով տարածքների սեփականության իրավունքն ու այդ մակերեսներին համապատասխան հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը: Նշված տարածքների շուկայական արժեքը մոտ 1 միլիարդ դրամ է, իսկ պետությանը փոխանցվող վարձակալության տարեկան վճարն ավելի քան 38 միլիոն դրամ (գույքը ներկայում ծանրաբեռնված է վարձակալության պայմանագրերով):
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 27 հասցեում գտնվող՝ 0.4997 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 28 հասցեում գտնվող՝ 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը 9 միլիոն 382 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի մայիսի 8-ին գույքն ամրացվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 26 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 0.5 հա մակերեսով 9 միլիոն 388 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի դեկտեմբերի 27-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի թիվ 22 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ շուրջ 3 հա մակերեսով 86 միլիոն 625 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող՝ 431 միլիոն 915 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 26.700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող՝ 427 միլիոն 62 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 26.400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 2/5 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 12.400 քմ մակերեսով 730 միլիոն 462 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող 0.5 հա մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող 0.4997 հա մակերեսով՝ յուրաքանչյուրը շուրջ 9 միլիոն 380 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքերն ամրացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Համայնքների սեփականության իրավունքը վերականգնվել է հետևյալ գույքերի նկատմամբ՝
- Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 0.0801 հա մակերեսով 5 միլիոն 474 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Կոտայքի մարզի Նաիրի համայնքի սեփականության իրավունքը:
- Մերձավան բնակավայրի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ ընդհանուր 16 միլիոն 347 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինության, 70.2 քմ մակերեսով ծածկի ու շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.3027 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
- Մերձավան բնակավայրում գտնվող 3 միլիոն դրամ շուկայական արժեքով 0.35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը:
- Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 150 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գյուղատնտեսական նշանակության՝ ընդհանուր 0.7 հա մակերեսով 4 հողամասերի նկատմամբ վերականգնվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը: