երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
2022-ից հետո կառուցված ինքնակամներն օրենսդրորեն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար

2022-ից հետո կառուցված ինքնակամներն օրենսդրորեն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Գնահատել, թե Հայաստանում քանի միավոր ինքնակամ շինություն չի հաշվառվել, շատ բարդ է, նախ քանի որ ՀՀ-ում և մի շարք զարգացած երկրներում չկա պարտադիր պահանջ իրավունքի գրանցման, այսինքն՝ մարդն ինքն է որոշում՝ երբ դիմի իր սեփականության նկատմամբ իրավունքի գրանցման համար: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Ըստ Կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ կա թվային գործիք, որով օդային լուսանկարի միջոցով հնարավոր կլինի վերլուծություն կատարել, և մոտ 70-80 տոկոս ճշտությամբ բացահայտել շենք-շինություններ, որոնք կադաստրի տեղեկատվական շտեմարաններում գրանցված չեն, բայց թե դրանցից քանի տոկոսը կլինի ինքնակամ, շատ բարդ կլինի երզակացություն տալ: Դա, ըստ Սուրեն Թովմասյանի, նաև մեծ ծախսեր պահանջող միջոցառում է, և այս պահին նման վերլուծություն անելու կարիք չկա:

Ինչ վերաբերում է Կադաստրի կոմիտեի դիրքորոշմանը՝ ինքնակամ շինությունների հաշվառման նոր փուլ լինել-չլինելու հետ կապված, ապա կոմիտեի ղեկավարը դա ավելի շատ քաղաքական ձևակերպման խնդիր է համարում:

«Մենք ունենք բոլոր գործիքակազմերը՝ շարունակելու գործընթացը, մենք հստակ արձանագրել ենք մի բան, և իմ կարծիքով՝ դա հնարավոր չէ որևէ կերպ փոփոխության ենթարկել (2022 թվականից հետո կառուցված ինքնակամների մասին է խոսքը): Օրենսդրորեն սահմանված է արդեն, որ դրանք օրինականացման ենթակա չեն:  

Ես, լինելով թե՛ Կադաստրի կոմիտեի ղեկավար, թե ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ պետք է վերջ տանք նման մոտեցումներին՝ հաշվի առնելով մեր սեյսմիկ ռիսկերը, հաշվի առնել հետագայում քաղաքաշինական միջավայրի՝ ավելի կայուն, ավելի ճիշտ տեսքին բերելու հնարավորությունները:

Ինչ վերաբերում է նախկինում կառուցված այն ինքնակամներին, որոնք 2021 թվականի օրթոլուսանկարի վրա հստակ մակնշվում են, այսինքն՝ փաստ է, որ կառուցվել են նախկինում, իմ կարծիքով՝ հնարավոր է կազմակերպել քննարկումներ այս հարցի վերաբերյալ հետագայում ավելի ամփոփ մոտեցում ձևավորելու համար»,- ասաց նա:

  • Կիսվել: