18,8 տոկոս դեպքում ՃՏՊ-ների մասնակիցներն «Օպել»-ներն են. ամենահաճախը ՃՏՊ լինում է Մաշտոցի պողոտայում. փորձագետ
Ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակիցների քանակով ամենաբարձր տոկոսը «Օպել» մակնիշի ավտոմեքենաներն են: Նրանց քանակը մեքենաների ընդհանուր պարկում 11,4 տոկոս է, բայց «Օպել»-ները մասնակցել են ընդհանուր ՃՏՊ-ների 18,8 տոկոսին: «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենաների քանակը ընդհանուր պարկում 12,8 տոկոս է, բայց վերջիններիս մասնակցությամբ ՃՏՊ-ները 13,6 տոկոս են կազմում ընդհանուր ՃՏՊ-ների թվում: Այդ մասին ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի երթևեկության անվտանգության փորձագետ Վալերիկ Հարությունյանը՝ ներկայացնելով ՀՀ ճանապարհների վերաբերյալ իր հետազոտական աշխատանքի արդյունքները:
Վալերիկ Հարությունյանն ուսումնասիրել է նաև այն փողոցները, որտեղ ամենաշատն են ՃՏՊ-ներ եղել: Պարզել է՝ առաջին տեղում մայրուղային փողոցներն են:
«Վերլուծել եմ նաև, թե որ մայրուղային փողոցներն են առավել վտանգավոր՝ ըստ 1 կմ հատվածի: Օրինակ՝ Մաշտոցի պողոտայի 1 կմ-ին ընկնում է 92,6 ՃՏՊ 5 տարվա տվյալներով: Տիգրան Մեծ պողոտայի 1 կմ-ին ընկնում է 91,3 ՃՏՊ»,- ասաց նա՝ նշելով, որ վերլուծության արդյունքում պարզվել են նաև մայրուղային փողոցների խնդիրները, որոշվել են սև կետերը, ՃՏՊ-ների կուտակման վայրերը, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք նախընտրելի է իրականացնել: