Ժողովուրդ ջան, թողնում ենք. ում ուզում եք ընտրեք ու վայելեք. Փաշինյանը՝ ժողովրդի կողմից կրիմինալին ընտրելու մասին
Մարդիկ, որոնք հայտնի են հիմնականում իրենց կրիմինալ անցյալով, իրենց հին վարքով հիմա հաճախ նաև փորձում են ընտրությունների մասնակցել, հին սովորությունները հետ բերել, և մեր հանրության մեջ բնական հարցը կա՝ բա ի՞նչ ենք անելու դրա հետ և ի՞նչ ծրագիր ունի կառավարությունը այդ հարցը լուծելու համար: Այս մասին այսօր կառավարության գործունեության 2024-ի կատարողականի հարցը քննարկման ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ես վստահ եմ, որ գալիք ընտրություններում էլ են այդ փորձը կատարելու, այն հին եղած տրամաբանությունը հետ բերելու»,-ասաց նա:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Կառավարությունը ունի մի ծրագիր, որ Հայաստանում իշխանությունը ընտրում է ժողովուրդը։ Կառավարությունը ունի այդ ծրագիրը՝ ապահովել ժողովրդի ազատ, արդար, թափանցիկ ընտրելու իրավունքը։ Ժողովուրդը ում կընտրի, կընտրի։
Այսօր բանտում մարդիկ կան, որ ընտրությունից առաջ ձերբակալվում են, ասում են՝ տենց արեցին, որ ընտրությունները կեղծեն, ընտրություններից հետո ձերբակալվում են, ասում են՝ այ այդպես արին, որ ընտրությունների արդյունքները, ժողովրդի ընտրությունը չկայանա:
Չհասկացա, այսինքն ես պիտի համարեմ, թե ով է արժանի ժողովրդի ձայնին, ով արժանի չի՞։ Գնում, ընտրում են, ժողովուրդն է ընտրում, մեր առաքելությունն այն է, որ ժողովուրդը պետք է ունենա ազատ ընտրելու իրավունք, ապահովել ենք ազատ ընտրելու իրավունքը։
Կամ այն օրն էլ գյուղում մի քաղաքացի ասում է՝ այսինչ ալիքը ինչի՞ չես փակում։ Ասում եմ՝ հարգելիս ուզում ես փակես, դու փակի, պուլտը ձեռքդ ա։
Հայաստանում ընկալում կա, որ պետությունը մի հատ մոնստր ա, որ աջ ու ձախ սաղին փրթում ա: Չէ, չի լինելու այդ պետությունը, համենայնդեպս մեր օրոք այդպիսի պետություն չի լինելու:
1996-ին էլ էին ասում՝ բա հո չէի՞նք թողելու սրան ընտրի, կամ նրան ընտրի: Մենք թողելու ենք, ում ասում եք ընտրեք, ժողովուրդ ջան, ընտրեք, վայելեք»ընդգծեց Փաշինյանը: