կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության մասին. ակնկալում ենք մայիսին պայմանավորվել ժամկետի շուրջ

Զախարովան՝ Կապանում ՌԴ հյուպատոսության մասին. ակնկալում ենք մայիսին պայմանավորվել ժամկետի շուրջ

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցում բազմապլան որոշակիություն կա, ակնկալում ենք, որ մինչեւ մայիս կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերենք գլխավոր հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համոզված ենք, որ ռուսական ներկայության հետեւողական ընդլայնումը հանրապետության հարավում ռազմավարական առումով կարեւոր շրջանում համապատասխանում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի, թե՛ առհասարակ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ այդ քայլը կարող է էական ազդակ հաղորդել առեւտրաներդրումային, հանրային-կրթական, մշակութային-հումանիտար համագործակցությանը, Ռուսաստանի մարզերի հետ այդ շրջանի փոխշահավետ կապերի հաստատմանը։

Դիվանագետը կարծում է, որ Սյունիքում երկրների միջեւ տնտեսական օրակարգի խթանումը ԵԱՏՄ ձեւաչափում ավելի է կարեւորվում՝ կապված Իրանի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի վերջին վավերացման հետ։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը հուսալի ապահովագրություն կդառնա Սյունիքի մարզի դինամիկ, խաղաղ եւ անվտանգ զարգացման համար։

  • Կիսվել: