Վստահ չեմ, որ ՀԲ-ն կփոխի «Doing Business»-ի զեկույցում Հայաստանի մասին տեխնիկական վրիպակները. ԿԲ նախագահ
Մենք աշխատում ենք Համաշխարհային բանկի հետ, բայց վստահ չեմ, որ նրանք կփոխեն Doing Business–ի 2020թ–ի զեկույցում ՀՀ–ին տրված գնահատականը, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
«Ես վստահ չեմ, որ այս պահին մեր գործընկերները պատրաստ կլինեն ընդունելու այն տեխնիկական սխալները, որոնք կան զեկույցում։ Բայց դա ոչինչ։ Կատարվածը թույլ կտա մեզ հաջորդ տարիներին ավելի հստակ պատկեր ունենալ այն երևույթների շուրջ, որոնք կան Հայաստանում, ու բացառել երկակի ստանդարտները, որ մեր երկրի դեպքում մի մոտեցում լինի, այլ երկրների դեպքում` այլ»,– ասաց Ջավադյանը։
Հիշեցնենք` Համաշխարհային բանկի հրապարակած «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցով 2019թ.-ին Հայաստանի դիրքը վատթարացրել է 6 կետով՝ 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է։ Այն, որ զեկույցում տեխնիկական սխալներ են եղել, հայտարարել էր ԿԲ նախագահը հոկտեմբերի 25-ին կառավարության նիստում։
Ըստ ԿԲ նախագահի, տեխնիկական վրիպակները փոխելու դեպքում, Հայաստանի դիրքը 47-րդ–ից կբարձրանա 35-րդ հորիզոնական։ ԿԲ նախագահը ասել էր նաև, որ այդ հարցով իրենք արդեն դիմել են զեկույցի հեղինակներին։