Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում երկխոսությանը և համագործակցությանը. Բոճորիշվիլի
Խաղաղ և անվտանգ Հարավային Կովկասը Վրաստանի համար կարևոր առաջնահերթություն է՝ հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ պանելային քննարկմանը: Նրա խոսքով՝ տարածաշրջանը մեծ ներուժ ունի, որն ամբողջությամբ իրացնելու համար կայուն և երկարաժամկետ խաղաղություն է անհրաժեշտ:
«Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա: Մենք պատրաստ ենք տրամադրել բոլոր հնարավոր միջոցները՝ նպաստելու տարածաշրջանում երկխոսությանը և համագործակցությանը»,- նշել է Բոճորիշվիլին:
Նա կարևորել է կողմերի քաղաքական կամքը և լարվածությունը վերացնելու տրամադրվածությունը: Բոճորիշվիլու խոսքով՝ Վրաստանը տարածաշրջանային գործընթացներում պարզապես միջնորդ չէ, այլ գործընթացների մի մասը, քանի որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը երեք երկրի համար ընդհանուր հետաքրքրություն է ներկայացնում: