հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն (տեսանյութ)

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոն (տեսանյութ)

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Այցի շրջանակում Սուլխան Թամազաշվիլին շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել Օպերատիվ կառավարման կենտրոնի, Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։

 

Օպերատիվ կառավարման կենտրոնում Վրաստանի ներքին գործերի նախարարին ներկայացվել է եվրոպական ստանդարտներով գործարկված 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը մեկ միասնական հարթակում է միավորել Փրկարար ծառայության և Ոստիկանության զանգերի սպասարկումը։

Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությանը ներկայացվել են նաև քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների աշխատանքային գործառույթները։

Սուլխան Թամազաշվիլին եղել է համալիրի զինանոցում, հրաձգարանում և մարզասրահում, որտեղ ծանոթացել է պարեկային ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության համար ստեղծված պայմաններին։ Նրան ներկայացվել են նաև Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։

  • Կիսվել: