երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Վարդան Ղուկասյանը հակադարձել է վարչապետին․ Գյումրիում թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ

Վարդան Ղուկասյանը հակադարձել է վարչապետին․ Գյումրիում թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հակադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, որ իր պաշտոնավարման տարիներին Գյումրու քաղաքապետարանը աշխատել է «մաքուր ու թափանցիկ»:

«Ինչպես հիմա է պարոն վարչապետը ընտրվել մաքուր առանց կեղծիքի ու կաշառքի, այնպես էլ ես եմ այն ժամանակ ընտրվել առանց կեղծիքի ու կաշառքի», -հայտարարել է Ղուկասյանը:

Նրա խոսքով, Գյումրիում թալանը կատարվել է ՀՀՇ-ի ժամանակ. «Էնքան գումար եկավ Հայաստան, որ ոչ միայն Գյումրին կկառուցվեր, այլ երեք անգամ Հայաստանի Հանրապետությունը կկառուցվեր, 37 գործարան թալանվեց»:

Անդրադառնալով վարչապետի  հայտարարության «ասֆալտին փռելու» հատվածին, Ղուկասյանն ասաց, որ ինքը դրանից չի վախենում. «Չեն զգո՞ւմ, որ ես այդպիսի մարդ չեմ: Ես ընդհանրապես, մի բանից եմ վախենում՝ ահեղ դատաստանից: Դավիթ մարգարեն ասում է՝ «Ձեր հույսը մի դրեք ձեր պաշտոնի, ձեր փողերի, ձեր կուսակցության վրա: Ես թագավորը կդարձնեմ փոշի, հովիվին կսարքեմ թագավոր: Ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանեցնեմ, ես սատակեցնեմ»։ Հետո Օմար Խայամն էլ ասում է՝ «Անցորդ, ոտքդ զգույշ դիր հողին, ով գիտի, թե էն սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»: Մենակ մենք Աստծուց վախենանք ու վերջ, թե չէ ըսպես բաները, ես 60 տարեկան եմ, ամբողջ մարմինս սպիներ ու բաներ է, ես ինչի՞ց պտի վախենամ: Եթե կեղտոտություն արած ըլնեի, խելոք գլուխս կկախեի»:

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը քրեական ենթամշակույթը կրող անձանց վերաբերյալ օրենքի նախագծի հարակից զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանին սպառնացել էր, ինչն էլ առիթ էր դարձել, որ վարչապետ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ասֆալտին փռելու մասին սպառնալիքներ տեղա ԱԺ ամբիոնից: Նա ակնարկելով Վարդան Ղուկասյանին, հայտարարել էր, որ Գյումրու նախկին քաղաքապետը թալանել է ամբողջ քաղաքը ու հիմա սպառնում է պատգամավորին:

Ղուկասյանն այսօր լրագրողներին ասել է, որ չի ճանաչել պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, այլ նրա մայրիկին. «Ո՞վ է այդ աղջիկը չեմ էլ ճանաչել նրան, մամային եմ ճանաչել, իրանք ինձանով ռեյտինգ ձեռք բերեցին «Ցայգ» հեռուստաընկերությունում ու առաջ ընկան: Ճեմ ճանաչում, բարև էլ չեմ տալիս: Ես ինձ թույլ էլ չեմ տա կնոջը բան ասել»:

  • Կիսվել: