երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Վահագն Մկրտչյանի համար Աննա Հակոբյանի հետ ազգակցական կապերը ազդեցություն չեն ունենալու․ Դավիթ Առուշանյան

Վահագն Մկրտչյանի համար Աննա Հակոբյանի հետ ազգակցական կապերը ազդեցություն չեն ունենալու․ Դավիթ Առուշանյան

Այս գործընթացը ամբողջությամբ կազմակերպվել է ՔՊ վարչությունը, որևէ գյումրեցի ներգրավված չէ այս գործընթացի մեջ անաչառություն ապահովելու համար. վարչապետը վաղն է հրապարակվելու անունները, ովքեր են մասնակցելու:  Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելու համար նախնական ընտրություններ անցկացնելուն:

Նա նշեց, որ տեղյակ չէ, թե էլ ովքեր են ինքնաառաջադրվել, քանի որ միայն ՔՊ-ականները չեն մասնակցում, այլ նաեւ համակիրները, համախոները, որոնք պատրաստ են ՔՊ-ի անունից հանդես գալ հետագայում նաև որպես թեկնածու:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր՝ որպես թեկնածու ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու շանսերը, նա պատասխանեց. «Գյումրեցին է տալու մանդատը, ես չեմ կարող ասել: Գյումրին սպեցիֆիկ քաղաք է, Գյումրին կամ շատ սիրում է, կամ չի ընդունում: Շատ բարդ է հասկանալ, թե դու որ սեգմենտի մեջ ես:

Փրայմերիզը ցույց կտա և գյումրեցիները իրենք կորոշեն, թե ում են տեսնում որպես քաղաքի ժամանակավոր պաշտոնակատար, որովհետև ինչքան է անունը դնենք ու լինի իրավաբանորեն ժամանակավոր պաշտոնակատար, ինքը որոշ ժամանակահատված քաղաքապետ է լինելու, և այս քայլը ևս մեկ անգամ քայլ է դեպի ժողովրդավարություն»:

Դիտարկմանը, որ ինքնաառաջադրվել է նաեւ Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը եւ ավելի մեծ են նրա շանսերը, Առուշանյանն ասաց. «Փրայմենրիզը լինելու է խիստ անաչառ, խիստ վերահսկելի: Լրատվականները փորձում են շահարկել պարոն Մկրտչյանի ազգակցական կապերի հետ կապված, կարող եմ ասել, որ այս պարագայում որևիցե ազդեցություն չի ունենալու, և եթե պարոն Մկրտչյանը ունի լայն համախոհություն գյումրեցիների կողմից, ուրեմն ինքն էլ ընտրվելու է:  Որևիցե մեկը չի կարող կանխատեսել, խոսակցությունները, թե նախնական պլանավորած, որոշած է, չեն համապատասխանում իրականությանը»:

  • Կիսվել: