երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ուրուգվայում կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին

Ուրուգվայում կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Ուրուգվայի նախկին նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին և Լուիս Ալբերտո Լակաժե Էռեռան, 45 պատգամավոր և 4 սենատոր Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին:

Ինչպես հայտնում է Ուրուգվայում Հայաստանի դեսպանությունը, ուրուգվայցի քաղաքական գործիչներն այդ մասին հայտարարություն են տարածել։ 

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը և կարևորում ենք հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին համապատասխան, ինչպես նաև՝ հումանիտար խնդիրների լուծումը։ 

Այս համատեքստում կոչ ենք անում Ադրբեջանին՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ամենամյա հեղինակավոր համաժողովի՝ COP29-ի հյուրընկալող երկրին, անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին՝ դրանով իսկ ամրապնդելով երկու կողմերի միջև վստահությունը հաշտեցման այս պատմական պահին», - նշված է տարածված հայտարարության մեջ՝ միաժամանակ  ընդգծելով ուժի կիրառման անթույլատրելիությունը և ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից զերծ մնալու կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը չխոչընդոտելու համար։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1204785

  • Կիսվել: