Ունենք հնարավորություն. կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը. Միրզոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը թուրքական ՀԸ-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:
Լրագրողի դիտարկմանը, թե այս հարցում, ըստ էության, էական առաջընթաց տեսանելի չէ, Միրզոյանը նշել է. ՛՛Հայաստանն ու Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ են նշանակել՝ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից և Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի կողմից։ Զուգահեռաբար, գործընթացում ներգրավված են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները։ Այսօր երեկոյան նախատեսված է իմ հերթական հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Սա մեր առաջին հանդիպումը չէ, ինչը վկայում է, որ գոյություն ունի բավականին ակտիվ հայ-թուրքական երկխոսություն։ Ընդ որում, այդ երկխոսությունը չի սահմանափակվում միայն երկու նախարարների կամ հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Գործընթացում աստիճանաբար ներգրավվում են նաև այլ համապատասխան կառույցներ։ Տարբեր կառույցների միջև արդեն իսկ իրականացվում են հանդիպումներ՛՛։
Անդրադառնալով բեռնափոխադրումներին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է.՛՛Համատեղ կերպով ուսումնասիրվել է Մարգարա–Ալիջան ցամաքային անցակետի ենթակառուցվածքը։ Նմանատիպ ուսումնասիրություն կատարվել է նաև Գյումրի–Կարս երկաթուղու ուղղությամբ։ Մի քանի օր առաջ մեր համապատասխան մարմինների ներկայացուցիչները քննարկել են Անիի կամրջի վերակառուցման համատեղ նախագիծը։ Կան նաև մի շարք այլ նախաձեռնություններ։ Այս ամենը վկայում է, որ գործընթացը, թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ՛՛։
Հարցազրուցավարի հարցին, թե ինչպես կգնահատի ենթակառուցվածքների վերականգնման գործընթացի ընթացքը, Արարատ Միրզոյանը պատասխանել է. ՛՛Հայկական կողմը գնահատել է Մարգարա անցակետի ենթակառուցվածքների ներկայիս վիճակը և արդեն իսկ ավարտին է հասցրել իր հատվածի վերակառուցումը։ Այս հանգամանքը հատուկ եմ նշում՝ ընդգծելու համար, որ գործընթացը շարժվում է առաջ, և մենք շարունակում ենք պահպանել կայուն ու ինտենսիվ երկխոսություն մեր թուրք գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, պետք է արձանագրենք, որ գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը, այս փուլում դեռ չեն իրագործվել։ Եվ սա, անշուշտ, որոշակիորեն կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ և իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաև հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար՛՛։
Լրագրողը նկատել է. ՛՛Ձեր խոսքից անմիջապես հետո մտածեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական գործընթացի կարգավորման վրա։ Սակայն Դուք նշում եք՝ հակառակ տարբերակը ևս հնարավոր է՛՛։
Ի պատասխան՝ Միրզոյանն ասել է. ՛՛Ընդհանուր առմամբ՝ այո։ Սակայն ես կարծում եմ, որ երկու ուղղություններով էլ գրանցվող ցանկացած առաջընթաց կարող է դրական ազդակ լինել մյուս գործընթացի համար։ Այս պահին մենք իսկապես ունենք շոշափելի հնարավորություն։ Սա, ըստ էության, քաղաքական առաջնորդության խնդիր է։ Հարցն այն է, թե ինչ ապագա ենք մենք պատկերացնում ու առաջարկում մեր հասարակություններին, մեր պետություններին և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանին։ Մենք կարող ենք լինել լավ հարևաններ։ Կարող ենք զարգացնել փոխշահավետ առևտուրը, նախաձեռնել ու իրագործել համատեղ էներգետիկ նախագծեր։ Աշխարհն այսօր նոր էներգետիկ կապեր է որոնում, և մեր տարածաշրջանն ունի այդ ներուժը։ Ավելին, եթե նայենք տարածաշրջանային քաղաքական գործընթացներին՝ մասնավորապես Մերձավոր Արևելքում, ապա տեսնում ենք, որ մեր դիրքորոշումները հաճախ բավական մոտ են միմյանց։ Այսինքն՝ համագործակցությունը կարող է և պետք է դուրս գա միայն սահմանային առևտրի շրջանակներից։ Ունենք հնարավորություն։ Կկարողանա՞նք արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ սա է հարցը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանի կողմից արվում են հնարավորինս կառուցողական քայլեր այս գործընթացում՛՛՛։