Թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին. Փաշինյան
Եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին կամ իր զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել իր զավակներին հանրությունից, որովհետև նա մինչև քրիստոնեության ընդունումը և Եկեղեցու հիմնադրումն այլ կարգավիճակ է ունեցել: Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Գրիգոր Լուսավորիչը, որ կաթողիկոս է եղել, նույնպես երեխա է ունեցել:
Այս համատեքստում Փաշինյանը կրկին հիշեցրեց 356 թվականի Աշտիշատի ժողովի մասին, որից հետո սահմանվեց կուսակրոնության պարտադիր պայման լինելը: Նա կուսակրոնության ուխտի մասին մեջբերումներ կարդաց նաև մեկ այլ գրքից՝ «Կանոնագիրք հայոց»-ից, ապա եզրակացրեց.
«Սա նշանակում է, որ, օրինակ՝ Կտրիճ Ներսիսյանը ոչ միայն կաթողիկոս լինելու իրավունք չունի, այլև որևէ քահանայական ծես իրականացնելու իրավունք չունի, որովհետև նա, այս կանոնների համաձայն, պղծության, շնության, պոռնկության և այլ մեղքերի բերումով դադարում է լինել եպիսկոպոս, քահանա, կաթողիկոս՝ ըստ Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների և ավանդների:
Ես այս ավանդն եմ պաշտպանում (ցույց է տալիս «Կանոնագիրք հայոց»-ը.- խմբ.): Նրանք պղծում են մեր Եկեղեցու՝ դարեդար ավանդված կանոնները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեջբերումներ էր արել 2020 թվականին լույս տեսած «Համաբարբառ կանոնագիրք հայոց» կոչվող կանոնների ժողովածուից, որում սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչ է տեղի ունենում: