ՏԻՄ-երին փող տանք, բայց վերահսկողության լծակ չունենա՞նք, դա կատարելապես սխալ մոտեցում է․ Վահագն Ալեքսանյան
Ես կարծում եմ` ՏԻՄ-երի անկախությունը պետք չի էլի այդքան ֆետիշացնել, հարգելի գործընկերներ, հաշվի առնելով այն փաստը, որ ՏԻՄ-երի բյուջեի քանի տոկոսն է պետական դոտացիա, ՏԻՄ-երի ծախսերի քանի տոկոսն է նաև այդ դոտացիա պլյուս սուբվենցիա որպես այդպիսին: Այս մասին ԱԺ-ում ՊՎԾ մասին օրենքում փոփոխություն կատարելու և կից ներկայացված օրենքների փաթեթների մասին հարցը քննարկելու ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Այսինքն, հիմա այստեղ խոսքը նրա մասին է, որ կառավարությունը կամ պետությունը թող ամբողջ փողը տա ՏԻՄ-երի բյուջեին, բայց ՏԻՄ-երի բյուջեի ծախսերի օրինականության ու չարաշահումների գծով վերահսկողության ոչ մի լծակ, որպես այդպիսին չունենա։ Իմ ընկալմամբ, դա սխալ մոտեցում է, կատարելապես սխալ մոտեցում է։
ՊՎԾ-ն գնում է, նախարարությունները ստուգում է, օրինակ, առողջապահության նախարարությունը, հիմա ինչ, ուրեմն պետական վերահսկողական ծառայությունն իրե՞ն է ենթարկեցնում առողջապահության նախարարությունը կամ առողջապահության նախարարությունում այսօր այդ որոշումները կատարվում են այնպես, որ ՊՎԾ-ին հաճո լինի: Չէ, ՊՎԾ-ն ստուգում է կատարած ծախսերի օրինականությունը, այդքան բան»,-ասաց նա։
Նա նշեց, որ մի շարք համայնքապետ գործընկերներ, իրենց կուսակցությանը պատկանող, խնդրել են, ասել են՝ իրենք ուզում են, որ այդպես ստուգող մարմին լինի։
«Մենք ուզում ենք, որ ինչ-որ մեկը գա, կարողանա մաքսիմալ պարզ, մաքսիմալ խորը ուսումնասիրություններ կատարի, որ մենք էլ իմանանք ինչ կա։ Հիմա եթե ինչ-որ մեկը կոնկրետ խնդիր չունի չարաշահումների հետ կապված, գնումների գործընթացում չարաշահումների հետ կապված, կատարված ծախսերում չարաշահումների հետ կապված, ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ խնդիր կարող է առաջացնի պետական վերահսկողական ծառայությունը։ Այսինքն, ինքը չի ասելու խի՞ ես որոշել ասֆալտ անել, ինքը ասելու է խի՞ ես այս ասֆալտն այնպես արել, որ չգիտեմ մեջը ենթադրենք 100 միլիոն դրամ փող են կերել, եթե դրա հետ խնդիր ունեն, ունեն, եթե չէ, չէ»,- ասաց նա: