երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Տարակուսելի է, որ ՀԱԵ-ն ժողով է անում Հայաստանից դուրս. Խանդանյանը՝ եպիսկոպոսաց ժողովի մասին

Տարակուսելի է, որ ՀԱԵ-ն ժողով է անում Հայաստանից դուրս. Խանդանյանը՝ եպիսկոպոսաց ժողովի մասին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն Ավստրիայում անցկացնելու որոշմանը։

Պատգամավորը այդ քայլը որակել է որպես ինքնամեկուսացում պետությունից և պետական շահերից։ Ճեպազրույցի ժամանակ Խանդանյանը հայտարարել է, որ այդ որոշումը կայացնողները պետք է պատասխանեն, թե ինչու են Հայաստանի անունը կրող կառույցի կարևորագույն ժողովը տեղափոխել երկրից դուրս։

«Շատ տարակուսելի է, որ կրոնական կազմակերպությունը կամ ինստիտուտը, որի անունն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եվ սա նաև փաստ և փաստարկ է այն պնդման, որ այդ մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից»,- ասել է Խանդանյանը։

Ըստ պատգամավորի՝ նման որոշումները ցույց են տալիս, որ եկեղեցու վերնախավի նպատակը ոչ թե Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը նպաստելն է, այլ ի թիվս այլ նպատակների՝ սպասարկել այլ շահեր։

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք ժողովը դրսում անցկացնելը պայմանավորված չէ իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ ճնշումներով, Խանդանյանը հերքել է այդ պնդումը։

«Իշխանությունը, կառավարությունը Հայաստանի որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել ևս՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, որևէ բռնաճնշում, ճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել։ Ընդհակառակը՝ ձեռնարկվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն», - նշել է նա։

  • Կիսվել: