շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սումգայիթում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց պետական հովանավորությամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը. ԱԳՆ

Սումգայիթում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց պետական հովանավորությամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է.

«1988թ. այս օրերին՝ փետրվարի 27-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրականացվեց ոճրագործությունների շարք, որը նախանշեց այդ պետության տարածքում պետական անթաքույց հովանավորությամբ և ուղղորդմամբ հայերի դեմ լայնածավալ ջարդերի սկիզբը՝ տասնամյակներ շարունակվող ճնշումներն ու հետապնդումները վերածելով բացահայտ և զանգվածային բռնության։

Սումագայիթում հայկական ծագում ունեցող քաղաքացիների զանգվածային սպանությունները և խոշտանգումները շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում՝ նույն օրինաչափություններով և զարհուրելի դաժանությամբ։ Այդ իրադարձությունների հետևանքով հարյուրավոր հայեր սպանվեցին, շուրջ կես միլիոն հայ ենթարկվեց բռնի տեղահանության: Բռնության քաղաքականության շրջափուլերը շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, երբ ամբողջությամբ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը:

Վերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով»: 

  • Կիսվել: