երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Շուտով Փաշինյանն է դառնալու իրեն ընդդիմադիր. Սամվել Կարապետյանը պլան Բ-ի եւ ՍԴ նիստերի մասին

Շուտով Փաշինյանն է դառնալու իրեն ընդդիմադիր. Սամվել Կարապետյանը պլան Բ-ի եւ ՍԴ նիստերի մասին

Շատ քաղաքական ուժեր արձագանքել են մեր համախմբման կոչին, նույնիսկ Փաշինյանն է արձագանքել, որ միանում է. դուք տեսաք, որ դա ԱԺ ամբիոնից։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Ճշտող հարցին՝ ընդդիմադիր ուժերից որո՞նք են արձագանքել, բացի Ռոբերտ Քոչրյանի գլխավորած ուժից, նա պատասխանեց. «Շատ ուժեր են, դուք դա կտեսնեք, երբ առաջին հավաքը կլինի։ Իհարկե, մենք ենք կազմակերպելու, շատ ուժեր հրավերքի են սպասում։ Շատ ուժեր են կապի դուրս եկել, շատ ուժեր հայտարարել են, դրա համար օրը կգա, դուք ամեն ինչ կտեսնեք։ Դա չի վերաբերում միայն կուսակցություններին, շատ ազդեցիկ անհատներ էլ են միանալու։ Հիմա սպասում ենք Սդ որոշմանը, որովհետեւ դրանից է կախված, թե ինչ հանդիպում ենք պլանավորում»։

Անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր ուժերը վիճարկում են ընտրությունների արդյունքները, իսկ իշխող ուժը արդեն խորհրդարանի նախագահի ու փոխնախագահի թեկնածուներ է ընտրում, Կարապետյանն ասաց. «Դե իրենք իրենց գործով են զբաղված, մենք մեր գործով ենք զբաղված։ Ընդդիմադիր Սամվել Կարապետյանը պայքարելու է Փաշինյանին հեռացնելու համար։ Դուք ի՞նչ գիտեք, որ մենք չունենք ճանապարհային քարտեզ։ Խի՞ պետք է հրապարակենք։ Օրը կգա, մարդիկ կիմանան՝ ով պետք է պայքարի։ Հոմ ձեզ հիմա չենք ասելու»։

Ինչ վերաբերում է ՍԴ–ում ընտրությունների արդյունքների վիճարկմանը, նա ասաց. «Դա պրոցես է, որ մենք պարտավոր ենք անցնել։ Վարդևանյանը ամեն օր ներկայացնում է մեր պահանջները, շատ լավ ներկայացնում է։ Դրա համար մենք հիմա բոլորս միասին կտեսնենք ՍԴ–ի կախվածության աստիճանը այս իշխանություններից։ Ես վստահ եմ, որ ՍԴ–ն հնարավորություն ունի երկրորդ փուլ նշանակելու, և մենք այդ հնարավորությանը սպասում ենք»։

Հիշեցմանը, որ ինքը ասում էր՝ մենք ուժեղ ենք, իշխանությունը վերցնելու ենք, Սամվել Կարապետյանն արձագանքեց. «Այո, մենք ուժեղ ենք, հաղթելու ենք, բայց ի՞նչ պարտադիր է պլան Բ լինի։ Եթե ուժեղ չլինեինք, Փաշինյանը կմիանա՞ր։ Մարդը կոչ է անում, որ դուրս գան իր դեմ։ Դուք այդպիսի բան տեսե՞լ էինք պատմության մեջ։ Մարդը ԱԺ ամբիոնից կոչ է անում՝ ինձ վռնդեք»։ Նա հավելեց, որ մանդատները վերցնելու կամ չվերցնելու հարցը որոշելու համար կա ժամանակ մինչև հուլիսի վերջը. «Մեր թիմից ով պետք է գնա Ազգային ժողով, նա կգնա, ով պետք չի գնա ԱԺ, նա չի գնա»։

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում ճանապարհային քարտեզ չի լինելու. «Եթե մենք ոչ մի բան չանենք, Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն հեռացնելու է, որովհետեւ իր մոտ ամեն օր լինելու են ձախողումներ, և հայ ժողովուրդը ամեն օր տեսնելու է դա և իր գնահատականը տալու է։

Մենք Փաշինյանին հեռացնելու մեր գաղտնի պլանը ունենք, հոմ չեմ բացելու հիմա։ Անելու ենք շատ հեշտ»։

  • Կիսվել: