երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Շնորհավորում եմ, դուք մնացել եք նույնը, ձեզ չի սպառնում ընդհանրապես փոխվել. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Շնորհավորում եմ, դուք մնացել եք նույնը, ձեզ չի սպառնում ընդհանրապես փոխվել. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Լավ նորությունն այն է, որ դուք չեք փոխվել, և այն, ինչ այսօր կատարվեց այստեղ ձեր կատարմամբ, հերթական անգամ ապացուցում է այն, որ դուք մնացել եք հայդուկ: Հայդուկ եք, այսինքն՝ ՀՀ քարտեզի հետ կռիվ եք տալիս՝ արդեն ինչքան ժամանակ է: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունվարի 20-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ խոսքն ուղղելով ընդդիմությանը:

«Մարդը կենդանուց նրանով է տարբերվում, որ ինքնահայեցում ունի, այսինքն՝ ոչ միայն մտածում է, այլև մտածում է իր մտածածի մասին, այսինքն՝ մտածում է ու ասում է՝ էս ի՞նչ հիմար բան ասացի:

Բա որ ասում եք, որ մենք ուրացել ենք, հեչ մտքներովդ չի՞ անցնում՝ բա 2021 թվականին ինչո՞ւ ՀՀ ժողովուրդը մեզ ձայն տվեց, իսկ դուք նստած եք այդ տեղում: Կարո՞ղ է մտածեիք, ասեիք, որ ամեն դեպքում դուք եք ուրացողը»,- ասաց նա:

Հայկ Կոնջորյանը նաև նկատեց՝ քննարկումը պետք է տրամաբանության վրա հիմնված լինի:

«Գալիս, այստեղ խոսում եք ԼՂ-ի մասին, բայց ձեր ամբողջ քաղաքական կենսագրությունն այն է եղել, որ դուք գնացել, բանակցել եք Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու մասին, այսինքն՝ դուք ինքնառաջադրվել եք որպես հայրենիք հանձնողներ, 20 տարի ինքնառաջադրվել եք որպես հայրենիք հանձնողներ, հիմա եկել, այստեղ ի՞նչ եք ասում:

Շնորհավորում եմ, դուք մնացել եք նույնը, և ձեզ չի սպառնում ընդհանրապես փոխվել»,- ելույթը եզրափակելով՝ ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ելույթ ունեցավ և հաշվի առնելով, որ խորհրդարանկան դահլիճի պատին վերջերս փակցվել է ՀՀ քարտեզ՝ նա էլ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քարտեզը՝ 7 շրջաններով, փակցրեց ԱԺ ամբիոնին: Պատգամավորի ելույթից հետո դահլիճում քննարկում սկսվեց:

  • Կիսվել: