Շնորհակալ եմ Թուրքիայի ԱԳ նախարարին, որ աջակցում է ՀՀ հանրության՝ խաղաղության գնալու կոչերին. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Թուրքիայի ԱԳ նախագահը չի հայտարարել, թե Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին ու գործող իշխանությանը։ «Նման բան չի ասվել, մեջ բերեք, բայց եթե ստացվի այնպես, որ ձեր ասածը և մեջ բերածը չի համընկնի, այդ դեպքում ի՞նչ ենք անելու»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ հայտարարությունը միջամտություն չէ՞ ՀՀ ներքին գործերին՝ Սիմոնյանն ասաց, որ տարածաշրջանային զարգացումներից դուրս մնալը և տարածաշրջանի մեջ ներգրավված լինելը և հիբրիդային պատերազմը դրանք տարբեր բաներ են։ «Մենք էլ ենք լավ հայտարարություններ անում Թուրքիայի հետ կապված, Վրաստանի հետ կապված, Իրանի հետ կապված, Իրանում տեղի ունեցողի հետ կապված։ Հիմա մեր հայտարարությունները միջամտությո՞ւն է»։
Նա ընդգծեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ աջակցում է, ոչ թե Փաշինյանին առաջիկա ընտրություններւմ, այլ որ «հանրությունը աջակցում է այն գործընթացին, որը գործող իշխանությունը տանում է առաջ։
Ինչ վերաբերվում է ընդհանուր այս ասածին՝ շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին և մեր տարածաշրջանային բոլոր գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության մեծամասնության խաղաղության գնալու և առևտուր անելու, ինչպես նաև ԹՐԻՓՓ-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,-ասաց Սիմոնյանը։


