Շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 %-ով պակաս են երթուղի դուրս գալիս․ Տիգրան Ավինյան
Պլանավորվածի համեմատ փաստացի երթուղի է դուրս եկել 11%-ով պակաս ավտոբուս։ Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը։
Տիգրան Ավինյանն էլ ի պատասխան հայտարարեց՝ շատ վատ ցուցանիշ է, որ ավտոբուսները պլանայինից 11 %-ով պակաս են երթուղի դուրս գալիս։
Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հիմնական գործը հասարակական տրանսպորտի կազմակերպումն ու սպասարկումն է։
«Հետևաբար, մեր գործընկերների խնդրանքները և ավտոբուսներն այլ ուղղությամբ օգտագործելը չի խրախուսվում, եթե մենք ունենք պլանայինից շեղումներ։ Եթե կունենանք ավելի ավտոբուսներ, այդ ժամանակ կարող ենք օգնել մեր գործընկերներին։
Բայց Երևանում ավտոբուսների քանակը միշտ պետք է պլանայինին մոտ լինի, մնացածն արդեն ածանցյալ է։ Քիչ ավտոբուս դուրս եկավ երթուղի, սպասելու ինտերվալն ավելանում է և մարդիկ աշխատանքից ուշանում են»,- ասաց նա։


