կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Սերժ Սարգսյանին կպատասխանեմ նրան ցիտելով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի. Ռուբինյան

Սերժ Սարգսյանին կպատասխանեմ նրան ցիտելով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի. Ռուբինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախօրեին ելույթ ունենալով ՀՀԿ հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում, անդրադարձել էր ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու օրակարգին, նշել՝ պետք է համախմբի ընդդիմադիր դաշտը, և որ իր գլխավորած քաղաքական ուժի օրակարգը մնում է կառավարող ուժին իշխանությունից հեռացնելը: 

Այսօր խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին՝ հետաքրքրվելով՝ մտահոգվա՞ծ է արդյոք իշխանությունը, որ նախընտրական տարում կհաջողվի ՔՊ-ին հեռացնել իշխանությունից իշխանափոխությամբ, ինչին Ռուբինյանը տվեց բացասական պատասխան:

«Ո՛չ»,- հայտարարեց Ռուբինյանը: 

Նրա խոսքով՝ ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը՝ ընտրությունների ժամանակ:

«2026 թվականին կլինեն ընտրություններ, ժողովուրդը կտա ձեր հարցի պատասխանը»,- նշեց նա:

Ճշտող հարցին՝ ժողովրդին և ընդդիմադիր դաշտին մինչ այդ արդյոք չի՞ հաջողվի միավորվել իշխող ուժին իշխանությունից հեռացնելու օրակարգի շուրջ, ԱԺ նախագահի տեղակալը պատասխանեց. «Ո՛չ, իհարկե չի հաջողվի, որովհետև ժողովուրդը, մեղմ ասած, լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին (Սերժ Սարգսյան - խմբ.)»,- ասաց Ռուբինյանը՝ հորդորելով սպասել մինչև 2026 թվականը և ստանալ վերը նշված հարցի պատասխանը:

Լրագրողներից մեկի հարցին, թե հանրապետականները հայտարարում են նաև, որ ԼՂ բանակցային գործընթացը պետք է շարունակի մնալ իշխանության օրակարգում, և սրանով նրանք արդյոք չե՞ն լեգիտիմացնում Ադրբեջանից հնչող կրակոցները, Ռուբինյանը պատասխանեց. «Ադրբեջանից հնչող կրակոցները ոչ մի լեգիտիմացման շանս չունեն ընդհանրապես, որովհետև ուժի գործադրումը ընդունելի բան չէ որևէ հանգամանքում»: 

Անդրադառնալով ընդդիմության քննադատություններին՝ Ռուբինյանը նշեց՝ ընդդիմությունը և առաջին հերթին նախկին նախագահների կողմից ղեկավարվող ընդդիմությունն ամեն ինչ արել և շարունակում է անել ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության, Հայաստանի անվտանգության ու ժողովրդավարության:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի կողմից արված պատկերավոր համեմատությանը, թե ժողովուրդը նախրի միջից պաչել է ամենաբարձր զռռացողի՝ էշի ճակատը, Ռուբինյանն ասաց, թե թեև մեծ է գայթակղությունը էշի հետ կապված այլ պատկերավոր համեմատություններ անելու, մասնավորապես, երբ մարդիկ անիմաստ խոսում են, ժողովուրդը դա ոնց է անվանում, սակայն ինքը այդ դաշտ չի իջնի:

«Ես Սերժ Սարգսյանին կպատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալվեցի»,- ասաց Ռուբինյանը:

Ինչ վերաբերում է հնչող մեղադրանքին, թե 2018-ին եղել է իշխանազավթում, առաջարկեց փաստերը դնել իրար կողքի:

«Սերժ Սարգսյանը ասում է՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ես սխալվեցի: Հետո տալիս է հրաժարական, հետո Հանրապետական խմբակցության, այդ թվում՝ Դաշնակցության խմբակցության անդամները քվեարկում են Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետ: Հիմա, եթե իշխանազավթում եղել է, նշանակում է՝ Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը: Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ստացվում է՝ Սերժ Սարգսյանը և Հանրապետականը մասնակցել են դրսից իրականացվող հեղաշրջմանը: Հարց եմ տալիս՝ ուրեմն ինքը կապիտուլյանտ անձնավորությո՞ւն է, որ թույլ է տվել երկրում դրսից հեղաշրջում իրականացվի: Էդ դեպքում ինքը ընդհանրապես քաղաքականության մեջ գործ չունի»,- հայտարարեց Ռուբինյանը:

Իրականությունը, ըստ նրա, հետևյալն է՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրանց կողքին գտնվող տարատեսակ դեմքերը այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը չի կարող մի խմբակից իշխանազավթում իրականացնել, որովհետև ժողովուրդն է իշխանության տերը:

«Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացրել ամեն անգամ ընտրություն կեղծելով ու մնացած բոլոր հանգամանքներով: Ժողովուրդը չի կարող իրականացնել իշխանազավթում: Եթե իրենք նկատի ունեն, որ իշխանությունն ի ծնե պատկանում է աստվածային պարգև Սերժ Սարգսյանին և ժողովուրդը հանդգնեց զավթել այդ աստվածային շնորհ իշխանությունը Սերժ Սարգսյանից, էդ դեպքում գուցե տրամաբանություն կա իր ասածի մեջ: Բայց ուրեմն թող իրենց հայտարարեն մոնարխիստ, հայտարարեն, որ Սերժ Սարգսյանը պետք է լինի Հայաստանի մոնարխը  և ժողովուրդը հանդգնաբար զավթեց իշխանությունը իրենից»,- ասաց Ռուբինյանը:

Նա դարձյալ ընդգծեց՝ ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը և իր խմբակը կամ այլ խմբակներ կհայտնեն իր դիրքորոշումը, իրենք՝ իրենցը, իսկ ժողովուրդը կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը:

  • Կիսվել: