ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ՍԴ 7 անդամներին փոխելու հարցը չի արդարացնում այն ռիսկը, որին գնացել է վարչապետը. Քաղաքագետ

ՍԴ 7 անդամներին փոխելու հարցը չի արդարացնում այն ռիսկը, որին գնացել է վարչապետը. Քաղաքագետ

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը պնդում է՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չի կայանա, քանի որ չի ստացվի հավաքել անհրաժեշտ 650 հազար «Այո» քվե:

«Ես կարծում եմ, որ հանրաքվեով դրված հարցադրումը անհեթեթ է, և դա չի հավաքի անհրաժեշտ 650 հազար կողմ ձայն: Հանրաքվեի դրված հարցադրումը հանրության մի զգալի մասին համար ակտուալ չէ», - InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Նրա խոսքով, հանրության համար բարդ է հասկանալ հանրաքվեի դրված հարցադրումը, իսկ իշխանության բացատրությունները հիմնավոր չեն: Մեր դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ գործող ՍԴ-ն չի համապատասխանում Սահմանադրության տառին և ոգուն, Հակոբյանը վկայակոչեց իրավաբանների մի խմբի, ովքեր հակառակն են պնդում:

«Մարդկանց համար հանարքվեի դրված հարցը, կրկնում եմ, ակտուալ չէ, դրա համար Նիկոլ Փաշինյանն ասում է՝ սև ու սպիտակի կռիվ է, որ սա հեղափոխության հերթական փուլն է: Վարչապետը այլ փաթեթավորմամբ է ուզում մարդկանց մոտիվացնել, որպեսզի նրանք գան հանրաքվեի: Նա, այնուամենայնիվ, շատ լավ հասկանում է, քվեաթերթիկում դրվող թեման պոպուլյար չէ, արդիական չէ ժողովրդի համար և պետք է ժողովրդին կոնսոլիդացնել ինչ-որ վտանգի դեմ, իսկ վտանգը սևերի հնարավոր ռևանշն է»,- նշեց Հակոբյանը:

Թե ինչ քարոզչական հնարքներ կօգտագործի իշխանությունը, քաղաքագետի համար արդեն պարզ է՝ լինելու է նախկինների դեմ կոնսոլիդացիա և հանրությանը ներկայացվելու է երկու տարվա ընթացքում կառավարության կատարած աշխատանքը:

«Փաշինյանի քարոզարշավի ենթատեքստում լինելու է վստահության քվե հեղափոխությանը կամ անձամբ իրեն: Բայց հնարավոր է, որ ընթացքում վարչապետը դիմի ծայրահեղ քայլի ու բացեիբաց դիմի հանրությանը՝ ասելով՝ ժողովուրդ, այս հանրաքվեն վստահության քվե է ինձ: Բայց դա ծայրահեղ ու ռիսկային մեթոդ է: Ես ուղղակի կարող եմ ասել, որ ՍԴ 7 անդամներին փոխելու հարցը չի արդարացնում այն ռիսկը, որին գնացել է վարչապետը», - հավելեց Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ պետք է հաշվի առնել, որ ամեն թեմա, ամեն հարց չպետք է դնել հանրաքվեի:

Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին: Հանրաքվեի է դրվել Սահմանադրության 213-րդ հոդվածը փոխելու հարցը, որի համաձայն հնարավոր կլինի դադարեցնել ՍԴ 7 անդամների լիազորությունները:

  • Կիսվել: