հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Սահմանին ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու շուրջ մոտ ապագայում հստակություն կունենանք․ ՀԱՊԿ-ի մասով կարևոր է նաև մեր դաշնակիցների իրավիճակի քաղաքական գնահատականը․ Միրզոյան

Սահմանին ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու շուրջ մոտ ապագայում հստակություն կունենանք․ ՀԱՊԿ-ի մասով կարևոր է նաև մեր դաշնակիցների իրավիճակի քաղաքական գնահատականը․ Միրզոյան

Հայաստանի ԵՄ դիտորդական առաքելությունից ակնկալում է միջազգային դերակատարում Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում։

Այս մասին Նորվեգիայի թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մասնավորապես՝ մեր ակնկալիքներն են, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա և այդ փաստերը կվկայեն, որ Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և կա ադրբեջանական զորքերի ներթափանցում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում է իրականությանը, բայց նաև իհարկե պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր ագրեսիաների կանխման կարևոր առաքելություն ու կայուն խաղաղության հաստատում», - ասաց Միրզոյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից դիտորդների տեղակայման մասին հարցերին, Միրզոյանն ասաց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու մասին թեման քննարկվել է և շատ մոտ ապագայում այս մասով հստակություն կունենանք։ «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելությանը, ինչպես գիտեք, դիմել ենք ՀԱՊԿ-ին և կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական դիտորդական առաքելություն ուղարկել։

Եկել են այդ պաշտոնյաները և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել։ Զեկույցը ներկայացվել է բոլոր անդամ պետություններին։ Քարտուղարությունը նաև զեկույցի հիման վրա որոշման նախագիծ է շրջանառել։ Մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ, թե երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ առաքելության գործուղման հարցը։

Այս փուլում ենք այժմ։ Որոշում չկա, քննարկումներ կան։ Մեզ համար չափազանց կարևոր է նաև իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան մեր դաշնակից պետությունները։ Մեզ նախ և առաջ պետք է հասկանալ, թե որքանո՞վ է կազմակերպությունը ճանաչում այն իրավիճակը, որը կա», - նշել է նա:

  • Կիսվել: