Սահմանադրական դատարանը ապացուցեց, որ ունակ չէ լուծում տալ բարդագույն հարցերին․ «Իմ քայլի» պատգամավոր
«Քաղաքական մեծամասնությունը պատրաստ է ցանկացած սցենարի եւ առաջիկայում իշխանությունը հանդես կգա լուծման տարբերակներով», - Primenews.am- ի հետ զրույցում ասաց Ազգայւն Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, որով մերժեց վարույթ ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշումը։
«Սահմանադրական դատարանը ապացուցեց, որ ունակ չէ լուծում տալ բարդագույն հարցերին։ Այնինչ ՍԴ-ն պետք է լիներ այն կառույցը, որտեղ պետք է հանգուցալուծվեին սահմանադրական ու քաղաքական ճգնաժամերը։ Մենք ականատես ենք մի իրավիճակի, երբ ՍԴ-ն ինքն է ստեղծում ճգնաժամեր », - մեզ հետ զրույցում ասաց Ջուլհակյանը։
Պատգամավորի կարծիքով, ժողովրդի հետ այս կերպ վարվելը անհեռատեսություն է։ «Նրանք պետք է հասկացած լինեին, որ ժողովրդի հետ նման լեզվով չեն խոսում։ Ինչպիսի շառաչուն ապտակ ժողովրդին այդ քաղաքականացված կառույցից։ Իրականությունից ու ժողովրդից կտրված լինելը ունենում է շատ անփառունակ հետեւանքներ, եւ այդ անձինք հայտնվում են մասնագիտական կամ քաղաքական աղբանոցում», - նշեց Ջուլհակյանը։
Իշխանական պատգամավորի կարծիքով, Սահմանադրական դատարանը պարալիզացնում է Հայաստանում իրականացվող բարեփոխումնր․ «Իսկ դա երկար շարունակվել չի կարող։ Ժողովրդի հետ նման լեզվով չեն խոսում», -ընդգծեց պատգամավորը։
Հիշեցնենք, Սահմանադրական դատարանը մերժեց վարույթ ընդունել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը։ Սա նշանակում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները ԱԺ որոշման նախագծի հիման վրա չեն դադարեցվի։
Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» իշխանական խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեղնելու մասին նախագծի հիմքում դրել էր չորս հիմնավորում, որոնց համաձայն, Հրայր Թովմասյանը կատարել է առերևույթ կարգապահական խախտումներ։ Այս որոշմանը կողմ էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր միացել նախաձեռնությանը։