հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ռուսաստանի ԱԳՆ-ն ամփոփել է Լավրովի՝ Հայաստան այցի արդյունքները

Ռուսաստանի ԱԳՆ-ն ամփոփել է Լավրովի՝ Հայաստան այցի արդյունքները

Մայիսի 20-21-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Ս. Միրզոյանի հրավերով աշխատանքային այցով Երևանում է եղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաև նշվում է.

«Հայաստանի ԱԳՆ-ում կայացած բանակցությունների ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման, եվրասիական ինտեգրացիոն միավորումների գծով փոխգործակցության, ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում համակարգման հարցերի լայն շրջանակ։ Ստորագրվել է 2025-2026 թթ. ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունների պլանը։

Նախարարները առարկայական մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների շուրջ։ Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝ 2020-2022 թթ. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի հնարավորությունների իրականացմանն ուղղված ջանքերը, որը կոչված է ապահովելու Հարավային Կովկասի խնդիրների լուծումը հենց տարածաշրջանի պետությունների և նրանց մերձավոր հարևանների ուժերով։

Լավրովին ընդունել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանը և Հայաստանի Հանրապետության նախագահ Խաչատրյանը։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել ամրապնդելու քաղաքական և միջգերատեսչական երկխոսությունը, բացահայտելու Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ներուժը, ինչը կնպաստի փոխըմբռնման աճին և յուրաքանչյուր կողմի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի հանգուցալուծումները գտնելուն։ Շեշտվել է պատմական հիշողության պահպանման հարցում մոտեցումների ընդհանրությունը, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության համատեքստում։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Հայ-ռուսական համալսարանում ռուսաստանյան բուհերի մասնաճյուղերի դասախոսների և ուսանողների ու փորձագիտական հանրության առջև, ինչպես նաև հանդիպել է հայրենակիցներին Ռուսական տանը։

 

Ավանդույթի համաձայն՝ ծաղիկներ են դրվել Անհայտ զինվորի շիրիմի մոտ գտնվող Հավերժական կրակին և ծաղկեպսակ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: