Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ
Այսօր Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով հերթական կեղծ դատական նիստը:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ։ Նրա փաստաբան Ավրաամ Բերմանը հանդես է եկել առարկության պաշտպանության օգտին։
Պետական մեղադրող Տարանա Մամեդովան պատասխանել է առարկությանը՝ նշելով, թե, իբր, Ռուբեն Վարդանյանի իրավունքները, «որոնք նախատեսված են քրեական դատավարության օրենսդրությամբ, ապահովված են, և պաշտպանությունը չի ներկայացրել դատարանի կողմից գործը քրեական հետապնդման մեջ շահագրգռվածությունը հաստատող կոնկրետ ապացույցներ, և խնդրել դատարանին առարկությունը թողնել առանց քննարկման»։
Կեծղ դատավարությանը ներգրավված, այսպես կոչված, «տուժողները» դատարանին խնդրել են չբավարարել առարկությունները։
Խորհրդակցությունից հետո հրապարակվել է դատարանի որոշումը պաշտպանության կողմի առարկության վերաբերյալ, ըստ որի՝ որոշվել է չքննել այն, քանի որ պաշտպանության կողմն իբրև թե չի ներկայացրել կոնկրետ և հուսալի ապացույցներ այն մասին, որ գործը քննող դատավորների կազմը շահագրգռված է քրեական հետապնդմամբ։
Հաջորդ շինծու դատական նիստը նշանակվել է մայիսի 20-ին: