շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուբեն Վարդանյանին վնասել է Փաշինյանի այն խոսքը, թե պետք է պարզել՝ ով էր նրան գործուղել. Բեգլարյան

Ռուբեն Վարդանյանին վնասել է Փաշինյանի այն խոսքը, թե պետք է պարզել՝ ով էր նրան գործուղել. Բեգլարյան

Հայտարարությունները թե, այժմ Բաքվում Ռուբեն Վարդանյանի դեմ օգտագործվում են նրա նախկինում արած հայտարարությունները, բարդացնում է գերիների վերադարձի հարցը: Այս մասին այսօր Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Եթե մի կողմից հայտարարություն են անում ի պաշտպանություն պատանդներին, գերիներին, մյուս կողմից նրանց թիրախավորում են, բնականաբար սա անթույլատրելի է: ՀՀ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի որևէ թթու խոսք ասել, որևէ պատանդի գերու հանդեպ։ Կապ չունի, թե իրենք ինչ դիրքորոշումներ ունեն, կոնկրետ անձինք ինչ փորձառություն ունեն իրենց հետ հարաբերություններում, տվյալ դեպքում Ռուբեն Վարդանյանի պարագայում, միևնույն է՝ իրենք միշտ պետք է ի պաշտպանություն մեր պատանդների խոսեն, դրանից չպետք է դուր գան»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հայտարարեց, թե հարցեր կան, թե մասնավորապես, ո՞վ է բերել Ռուբեն Վարդանյանին, ո՞վ է գործուղել և ինչ նպատակով, Արտակ Բեգլարյանն ասաց, որ դա վնասել է Ռուբեն Վարդանյանին. «Ես քանիցս հրապարակային խոսել եմ, որ և Ռուբեն Վարդանյանի հանդեպ և մնացած բոլոր գերիների հանդեպ, դա կլինի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե սովորական ռազմագերիներ կամ քաղաքացիական անձինք, որևէ պաշտոնյա իրավունք չունեն որևէ վատ բան ասելու: Որովհետև բոլորիս բացթողումների ու հատկապես ՀՀ իշխանությունների բացթողումների ու ձախողումների հետևանքով են նրանք այնտեղ»:

Խոսելով Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին, Արցախի նախկին պետնախարարն ասաց. «Մի կողմից պետք է պայքարենք Ռուբեն Վարդանյանի հացադուլի պատճառների վերացման ուղղությամբ, որոնք բնականաբար շատ մեծ ռեսուրս, երկար ժամանակ է պահանջում։ Մյուս կողմից պետք է պայքարենք Ռուբեն Վարդանյանի հացադուլի դադարեցման ուղղությամբ, որը կախված է առաջին հերթին իր կամքից։ Իհարկե մենք հասկանում ենք, որ նա կամովի է գնացել այդ քայլին, բայց մյուս կողմից մենք մեր տարբեր ուղերձներով պետք է փորձենք հասնենք նրան, համոզելու, որ իրականում Ռուբեն Վարդանյանը և բոլոր գերիներն իրենց հերթին, մեզ պետք են ողջ, ոչ թե մահացած:

Իսկ Ադրբեջանի իշխանությունները կերազեն, որ և Ռուբեն Վարդանյանը, և մնացածը բանտում իրենց կամքով մահանան։ Այս տեսանկյունից բավականին բարդ վիճակում ենք գտնվում:

Սա նաեւ մեզ համար, այսպես ասեմ, առիթ է, որպեսզի մենք ավելի արագ շարժվենք, ավելի սրտացավ լինենք և ավելի բարձր գոռանք այն պահանջների մասին, որոնք մենք այստեղ ներկայացնում ենք»:

  • Կիսվել: