«Ռոբերտ Աբաջյանին փորձել եմ ստեղծել այն պահին, երբ նա տվել է ամենաթանկը»․ Երևանի թիվ 147 հիմնական դպրոցի բակում բացվեց Աբաջյանի արձանը
Երևանի Ռոբերտ Աբաջյանի անվան թիվ 147 հիմնական դպրոցի բակում բացվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանը։
Նշենք, որ դպրոցը, որտեղ սովորել է Ռոբերտ Աբաջյանը, Երևանի ավագանու որոշմամբ 2017 թվականին անվանակոչվել է նրա անունով։
Արձանի քանդակագործ Վահագն Բաբոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր համար մեծ պատասխանատվություն է եղել կերտել ազգային հերոսի կերպարը։
Նրա խոսքով՝ փորձել է քանդակի միջոցով ներկայացնել Աբաջյանի սխրանքը և այն ներքին զգացողությամբ փոխանցել կերպարի միջոցով։ Քանդակագործը ընդգծել է, որ արձանում հերոսի կերպարը ներկայացված է մարտական վերջին պահի խորհրդանշական պատկերով։
«Ես փորձել եմ ստեղծել նրան այն պահին, երբ նա արդեն տվել էր ամենաթանկը՝ հանուն հողի և հայրենիքի։ Փորձել եմ այդ սիմվոլիկան փոխանցել թե՛ նռնակի, թե՛ նրա գործողության մեջ», - ասել է Վահագն Բաբոյանը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս։


