Քրգործ է հարուցված. Կհասկանանք՝ եղել է դատապարտյալների ծե՞ծ, թե՞ ֆիզիկական ուժի որոշակի սահմանազանցում. ՔԿԾ նախագահ
Դա իրավիճակային դեպք է եղել եւ իմ հետ ես ընդհանրապես չեմ կապում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը՝ անդրադառնալով դեպքին, երբ ՔԿՀ-ներից մեկում դատապարտյալներին ծեծել էին, եւ կար խոսակցություն, որ դա իր դեմ ուղղված քայլ էր:
«Ինչ վերաբերվում է ձեր որակմանը՝ ծեծին, դրա հետ կապված քրեական գործեր են հարուցվել և դրանց քննության արդյունքով մենք կհասկանանք, թե դա եղել է ծեծ, դա եղել է ֆիզիկական ուժ, ֆիզիկական ուժի որոշակի սահմանազանցում, թե՞ սովորական արձագանք է եղել քրեակատարողական համակարգի կողմից: Սա նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարբերակներից մեկն է»:
Հիշեցմանը, որ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտարարել էր, որ դատապարտյալին գցել են գետնին, վրայով քայլել են, նա նկատեց. «Ժաննա Ալեքսանյանն, իրեն ահազանգել են: Դրա համար հիմա քրեական գործեր են հարուցվել»:
Խոսելով դատապարտյալների կողմից հացադուլի, ջրադուլի դեպքերին, Ծովինար Թադեւոսյանն ասաց. «Պատճառներից մեկը բժշկական հարցերն են, մյուսը քրեական գործի հետ կապված անհամաձայնություններն են, և նաև կան պահման պայմանների հետ կապված խնդիրներ»:
Անդրադառնալով նրան, որ ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերի վիճակագրությունն ավելանում է, նա ասաց. «Միանշանակ, դա մեր համար ևս խնդրահրույց իրավիճակ է: Շատ գործոններ կան, որոնք նպաստում են այս տեսակ դեպքերին։ Նախ, ի սկզբանե այդ քրեակատարողական հիմնարկներում մեծ է հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց քանակը, մենք արդեն ունենք վիճակագրական տվյալներ և բացի այդ քրեակատարողական հիմնարկը ինքնին արդեն սթրեսային իրավիճակ է առաջացնում անձանց համար, և հոգեկան առողջության խնդիրները և մնացած հոգեբանական խնդիրները ավելի սրվում են քրեակատարողական հիմնարկներում։ Մենք մեծ աշխատանքներ ենք հիմա տանում, թե՛ հոգեբանական աշխատանքը ակտիվացնելու, թե՛ անվտանգային գործոնները ակտիվացնելու ուղղությամբ»: