ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քրեաօլիգարխիան իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով Գյումրիում ստացավ իշխանություն. Ալեքսանյան

Քրեաօլիգարխիան իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով Գյումրիում ստացավ իշխանություն. Ալեքսանյան

Ուզում եմ շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսանի խմբակցություններին Գյումրիում իրենց արժեհամակարգային ցնծության կապակցությամբ: Ցնծության առիթը մեկն է. քրեաօլիգարխիան իր ամենավառ ներկայացուցիչներից մեկի դեմքով Գյումրի քաղաքում ստացավ իշխանություն: Սերժաքոչարյանի ներկայացուցիչները, որ ընտրություններից առաջ ազնիվ խոսք, երդում ու առհասարակ ինչ ասես՝ չէին տալիս, որ իրենք չեն միանալու Վարդան Ղուկասյանին, միացան: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Գյումրիում կայացած ավագանու առաջին նիստին, որի ժամանակ համայնքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ, դուք պետք է իմանաք, որ չկա Սերժն ընդդեմ Քոչարյանի հակամարտություն: Կա մեկ ընդհանուր քրեաօլիգարխիա՝ սերժաքոչարյան անվամբ:

Սերժաքոչարյանի նպատակները երեքն են՝ վերադարձնել իշխանությունը, վերականգնել ընդհանուր լափամանը և մատաղ անել Հայաստանի անկախությունը Ռուսաստանի ու Բելառուսի ոտքերի տակ: Այս նպատակներին հասնելու համար նրանք մոռանալու են այսօր իրար ասվողը, մոռանալու են իրենց ընկերների թափած արյունը, մոռանալու են տված խոստումն ու երդումը: Աթոռի ու փողի նկատմամբ անմարդկային կիրքը ստիպելու է նրանց դա անել,- ասաց պատգամավորը, ապա խոսքն ուղղելով քաղաքացիներին՝ շարունակեց.- Սիրելի՛ քաղաքացիներ, սերժաքոչարյանը ցնցումների մեջ է, որովհետև իր կարևորագույն ատրիբուտը՝ պետությունից գողացածը հետ բերելու՝ մեր ներդրած մեխանիզմն անխափան աշխատում է: Շաբաթական ու օրական ռեժիմով կայացվում են նրանց լափածը պետությանը վերադարձնելու մասին վճիռները, միլիարդները լայվ ռեժիմով վերադարձվում են: Հետևաբար, կորչում է նրանց միակ հենարանը՝ փողը:

Մենք ձեզ տված մեր խոստումը կատարել ենք ու կատարելու ենք, մինչև վերջին լափած կոպեկը հետ ենք բերելու այս գործիքով, և քրեաօլիգարխիային թողելու ենք ամենաուղիղ իմաստով բոբիկ, ինչպես ժամանակին տարբեր տեղերից եկել էին Հայաստան: Չկասկածեք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի էին ունեցել ընտրություններ, ինչի արդյունքում որևէ քաղաքական ուժ չէր ստացել ավագանու անդամների մանդատների 50 տոկոսից ավելին: Ընդդիմադիր ուժերը հայտարարել էին, որ քվեարկելու են առավելագույն քվե ստացած ընդդիմադիր թեկնածուի՝ Վարդան Ղուկասյանի օգտին:

Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 14 մանդատ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը՝ 6 մանդատ, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մայր Հայաստան» դաշինքը՝ 2 մանդատ:

 

  • Կիսվել: