երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
ՔՊ-ն չի միանա  «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ  «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին

ՔՊ-ն չի միանա «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին։

Նա նշեց, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է այս խնդրին հրապարակային հայտարարությունների ու մեկնաբանությունների տեսքով։

«Ազգային ժողովն ու արտաքին գործերի նախարարությունը վարում են միասնական արտաքին քաղաքականություն։ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածարջանում երկարատև խաղաղություն հաստատելը, սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանությունները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում բոլոր ռիսկերն ու հնարավորությունները», - ասաց Արսենյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։

Պատգամավորը ներկայացրել է ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որը դրել են շրջանառության մեջ և առաջարկում են խորհրդարանին ընդունել այն։

Ազգային ժողովն այս օրակարգով փետրվարի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի:

 

  • Կիսվել: