Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի և նրա հետ կապված բիզնեսների նկատմամբ իշխանությունների գործողությունները քաղաքական հետապնդում են, և, հնարավոր է, քաղաքական հաշվեհարդար։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մենք Միանշանակ գործ ունենք քաղաքական հետապնդման և, կասեի նույնիսկ, հնարավոր է՝ քաղաքական հաշվեհարդարի հետ։ Մեր խմբակցությունն արդեն հայտնել է իր դիրքորոշումը։ Երեկ ակնհայտ էր, որ տեղի ունեցած միջադեպից հետո հենց հաջորդ առավոտյան նման գործողությունների իրականացումը ուղղակիորեն ցույց է տալիս, որ խոսքը քաղաքական հետապնդման մասին է», — նշել է Աբրահամյանը։

 

Նրա խոսքով՝ իշխանություններն իրավապահ համակարգի ուժին են դիմում իրենց քայլերին ուղղված քաղաքական արձագանքին բախվելուց հետո։

«Երբ իշխանությունները ստանում են համապատասխան հակազդեցություն, դիմում են իրենց իրավական ու իրավապահ համակարգի օգնությանը», — հայտարարել է պատգամավորը։

Աբրահամյանն անդրադարձել է նաև նախորդ օրը խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին և կառավարության ծրագրի քննարկմանը։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովում պատշաճ վարքագծի կանոնները պահպանելու վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունը, ընդհանուր առմամբ, պահպանվել է, թեև առանց միջադեպերի չի անցել։

«Հարաբերականորեն կարելի է ասել, որ հարգալից վարքագծի կանոնները պահպանվում էին, եթե չհաշվենք մի քանի միջադեպեր, հատկապես երբ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սկսեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմել աշխարհիկ անունով։ Նման արտահայտություններ հնչել են նաև այսօր, ընդ որում՝ դրանցից մեկն ակնհայտորեն դուրս էր տարրական էթիկայի սահմաններից», — նշել է Աբրահամյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն արդեն գնահատական է տվել կառավարության ծրագրին՝ թե՛ իր քվեարկությամբ, թե՛ խմբակցության անունից պատգամավոր Գևորգ Կարապետյանի ելույթով։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ նոր հետապնդում սկսվել՝ Աբրահամյանը հայտարարել է, որ իշխանություններն արդեն իսկ, ըստ էության, արել են համապատասխան հայտարարությունը։

«Կտեսնենք։ Բայց եկեք չմոռանանք, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մինչ օրս՝ անցյալ տարվա հունիսի 17-ից, գտնվում կալանքի տակ։ Մենք հայտարարել ենք, որ պաշտպանում ենք Հայ Առաքելական Եկեղեցին, և վստահեցնում ենք՝ պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցին մեր ձևով», — ասել է պատգամավորը։

Լրագրողները նաև հարցրել են Աբրահամյանին, թե ինչպես է ընդդիմությունը մտադիր դիմակայել իշխանությունների աճող ճնշումներին, եթե խորհրդարանում Փաշինյանի ելույթներից հետո իրավապահ մարմինները գրեթե անմիջապես սկսում են գործել։

Պատգամավորի կարծիքով՝ տեղի ունեցողն առաջին հերթին վկայում է իշխանությունների թուլության մասին։

«Սա ավելի շատ վկայում է իշխանության թուլության մասին։ Իշխանություններն որպես մահակ են օգտագործում իրավապահ համակարգը, այն դեպքերում, երբ հասկանում են, որ չեն կարողանում քաղաքական դաշտում մրցակցել ընդդիմության հետ։ Այն, ինչ հիմա կատարվում է, դրա վառ ապացույցն է», — հայտարարել է Աբրահամյանը։