Քաղաքական դիվիդենտներ հավաքելու ժամանակը չէ, սա վերաբերում է նաեւ իշխանությանը. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
Թեեւ երկրում հայտարարվեց արտակարգ դրություն, սակայն իրականում կիրառվեցին արտակարգ դրության մի քանի տարրեր ու դետալներ: Այս մասին ՀՅԴ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա հայտնեց, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմել է մի ծավալուն քաղաքական եւ մասնագիտական փաստաթուղթ՝ երկրում հաստատված արտակարգ իրադրության վիճակից բխող քայլերի մասին:
«Սկզբնական շրջանում բավական անլուրջ մոտեցում կար եւ մեր կարծիքով, իշխանությունները թեեւ քայլեր ձեռնարկում էին, բայց ամբողջությամբ չեն հասկացել այս հարցի վտանգավորության տարածման եւ հետեւանքների հեռանկարները։ Իշխանությունները հաճախ գնում են իրադարձությունների հետեւից՝ հետ մնալով մեկ քայլ առաջ անելու եւ դեպքերը կանխելու իմաստով»,-ասաց նա:
Նա թվարկեց իրենց պատրաստած գործողությունների քայլերը. «Անհրաժեշտ է հենց այսօր դադարեցնել բոլոր տեսակի ձեռնարկությունների եւ կազմակերպությունների գործունեությունը՝ բացառությամբ կենսապահովման օբյեկտների: Սահմանափակել բոլոր տեսակի ուղեւորատար տրանսպորտային ընկերությունների գործունեությունը՝ այդ թվում մետրոյի եւ տաքսիների: Սահմանել որոշակի ուղերթներ, որոնք կիրականացվեն որոշակի ժամերի՝ խիստ հսկողության ներքո:
Գիտեք, թե այսօր ինչ խայտառակ իրավիճակ է եւ անվտանգության որեւ նորմ չի պահպանվում նաեւ հանրային տրանսպորտում»:
Անդրադառնալով տարածվող լուրերին, որտեղ կասկածի տակ է դրվում ՀՅԴ ընդդիմադիր կեցվածքը, Սաղաթելյանն ասաց.
«Նախ ուզում եմ այդ քաղաքական տհաս գործիչներին ու անհատների ասել, որ պետությունն ու իշխանությունը տարբեր բաներ են: Ցանկացած իշխանություն անցողիկ է, մնայունը մեր պետությունն ու ժողովուրդն են: Ցանկացած կուսակցության նպատակը իր պետության եւ ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցությունն է: Հետեւաբար այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է ծանր կացության մեջ, մեզ համար առաջնային է մեր հնարավորությունները մեկտեղելը՝ առկա մարտահրավերները լուծելու համար։ Այսօր քաղաքական դիվիդենտներ հավաքելու ժամանակը չէ: Սա վերաբերում է նաեւ իշխանությանը, իշխանության այն ներկայացուցիչներին, պատգամավորներին, որոնք առիթից օգտվելով կրկին «այո»-ի, ՍԴ-ի կամ այլ հարցերի են անդրադառնում»: