Պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային․ Ադամ Շիֆ
ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն քննադատելով Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը։
«Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման և ճշմարտությունն ասողներին լռեցնելու երկարատև և վտանգավոր արշավ իրականացնել։ Ադրբեջանը կրկնեց հարյուրամյա վաղեմության գործողությունները և Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Արցախի վրա 2020 թվականին և շրջափակեց այն գրեթե տասը ամսով ՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերից։ 2023 թվականին Ալիևի ռեժիմը լիովին օգտվեց այդ իրավիճակից, երբ Արցախի բնիկ հայ բնակչությունը սիստեմատիկ կերպով սովամահ էր լինում, և իրականացրեց էթնիկ զտումներ նրանց նկատմամբ»,- նշել է Շիֆը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ներկայում էլ շարունակում են սպառնալ հայ ժողովրդին։ Սենատորի գնահատմամբ՝ Ցեղասպանության վերքերը դեռ չեն սպիացել:
«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին և բոլոր նրանց, ովքեր շարունակում են սպառնալ Հայաստանին և նրա ժողովրդին։ Միայն այն դեպքում, երբ Ցեղասպանությունը ճանաչվի միջազգային հանրության կողմից, իսկ հայ համայնքին սպառնացող շարունակական վտանգները վերացվեն, մենք կարող ենք իսկապես ասել, որ հարգել ենք հարյուր տասը տարի առաջ զոհվածների հիշատակը և կանգնած ենք նրանց կողքին, որոնք այսօր էլ պահպանում են այդ հիշողությունները»,- ասել է Շիֆը։
Շիֆը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ խուսափել է Ցեղասպանության ճանաչումից, սակայն վերջապես քաջություն է ունեցել ընդունել ճշմարտությունը։
«Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ պատանդներին, հանդես գալ հայերի՝ Արցախ անվտանգ վերադարձի օգտին և ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից հայկական կրոնական և մշակութային վայրերի ավերման ու պղծման վրա ։
Միացյալ Նահանգները պետք է նաև կոչ անի անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից, աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը, ապահովի Հայաստանի սահմանների միջազգային մոնիտորինգը և օգնի Հայաստանին անվտանգության ապահովման հարցում։
Չնայած այն փորձություններին, որոնց բախվել է և շարունակում է բախվել հայ ժողովուրդը՝ նրա հավատը, վճռականությունն ու գոյատևելու կամքը չի կոտրվել։ Հայ ժողովուրդը հաղթահարել է հսկայական դժվարություններ ու կրել կորուստներ, սակայն մնում է ուժեղ և ըմբոստ։
Ուս ուսի տված՝ մեր համայնքում և ԱՄՆ Սենատում, ես միշտ կանգնած եմ լինելու հայ համայնքի կողքին»,- եզրափակել է Շիֆը։